Կարեն Ջանիբեկյանի հիշատակը վառ կմնա նրա արվեստակիցների և հանդիսատեսի հիշողություններում

karen-janibekyan
   Մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկան հասակում մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը: Վերջինիս  հրաժեշտը  տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 12:00-14:00, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:
   Հայ թատրոնի և կինոյի մեծ դերասան Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, խաղացել  բազմաթիվ դերեր՝ լրացնելով ու հարստացնելով հայ թատրոնի պատմության էջերից մեկը:
   Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ. հուլիսի 1-ին, Երևանում: Նրա արմատները կապված էին մայրաքաղաք Երևանին, հետևաբար տոհմիկ երևանցի էր՝ քաղաքաբնակի իր կենցաղով, մշակույթով, կեցվածքով ու հոգեկերտվածքով: 1966 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1966-67 թթ. աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 1967 թ.` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կարճ ժամանակամիջոցում նա կարողացել է իր տեղը զբաղեցնել թատրոնի շնորհալի անհատականությունների կողքին, ինքնատիպ դերակատարումներով հանդես եկել «Մայրամուտից առաջ», «Ծիրանի ծառ», «Հաջի Փայլակ» և այլ ներկայացումներում: Մի կարճ շրջան հեռանալով թատրոնից՝ Կարեն Ջանիբեկյանը մոտ երեք տասնյակ դեր է խաղացել հայկական հեռուստաթատրոնում՝ էկրան բերելով սոցիալական նոր ու ինքնատիպ հերոսի, պատկերել մեծ ողբերգությունների միջով անցած անձանց, ուրույն հոգեբանական մեկնաբանություններով ներկայացրել նրանց ճակատագրերը: 1982-ից Կարեն Ջանիբեկյանը վերադարձել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն և աշխատել մինչև իր կյանքի վերջը:
 Թատրոնում ստեղծած նրա կերպարներն աչքի էին ընկնում ազգային նկարագրով, բնավորության բացառիկությամբ, հոգեբանական բազմաշերտ ընդգծումներով: «Մոլիերի կյանքը», «Հացավան», «Սերը ծփիների տակ» և այլ բեմադրություններում, նրա ստեղծած կերպարները հարստացրել են Գ. Սունդուկյանի անվան ազգային  ակադեմիական թատրոնի պատմությունը, երևակել Կարեն Ջանիբեկյանի դերասանական հարուստ հնարավորությունները, արտահայտչական առանձնահատկությունները:
  1961 թվականից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն:
  Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնի առաջին անուններից էր: Նա դերակատարումներով հանդես է եկել նաև «Մետրո» և Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոններում: Մասնակցել է ռադիոթատրոնի բազմաթիվ բեմադրությունների, ստեղծել մենաներկայացումներ, ինչպես նաև հիմնադրել անտրեպրիզային թատերախումբ:
 Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պարգևների, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ Ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչումներին: