Կար-չկար մի Փարաջանով

kar-chkar mi parajanov

   Առաջին անգամ հայերենով հրատարակվել է Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» հուշապատում-վիպակը: Հանրահայտ հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր, դրամատուրգ Գարրի Կունցևը Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ»  և «Խոստովանություն»  (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսորն է: Կունցևի հուշերը Փարաջանովի մասին առաջին անգամ լույս են ընծայվել մեծ կինոռեժիսորի մահվան տարում` 1990 թվականին «Искусство кино» ամսագրում: Հետագայում  հեղինակը վերահրատարակել է վիպակի լրամշակված տարբերակը: «Կար-չկար մի Փարաջանով»-ը  լույս է տեսել նաև Գերմանիայում, Վրաստանում և այլուր:

     Վիպակի հայերեն թարգմանությունն  իրականացվել է լրամշակված վերջին հրատարակությունից:2
Թարգմանության  մտահղացումը Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանինն է: Վիպակը թարգմանել է Հովհաննես Այվազյանը, խմբագիրը Հովիկ Չարխչյանն է: «Կար-չկար մի Փարաջանով»-ը  տպագրել է «Պրինթինֆո» հրատարակչությունը: Գրքի շապիկին Հենրիկ Սիրավյանի «Փարաջանով» կտավն է:

   Գրքում բացի վիպակից տեղ են գտել նաև ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարները և Հարմաշի մեկ-երկու էջանոց հուշագրությունը Փարաջանովի մասին: Մեզ հետ զրույցում Հարմաշը պատմեց, որ Փարաջանովի հետ ծանոթացել է շատ պատահական. «Սցերնարիստ ընկերներիցս  մեկը հասցեն տվեց և խնդրեց նրան իր գրած սցենարը փոխանցել: Այս հանդիպումից էլ սկսվել է մեր մտերմությունը»: 

   «Կար-չկար մի Փարաջանով»  գրքի շնորհանդեսին ներկա էր Գարրի Կունցևի այրին՝ Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին, ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ:

                                                                                                              Աննա Կարապետյան