«ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ» ՇԱՐԺԱԿԱՆ ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

kapuyt-erknqi-tak
Այսօր Թեքեյան կենտրոնում բացվեց «Կապույտ երկնքի տակ» միջազգային շարժական ֆոտոցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին ութ տասնյակ լուսանկարներ Հայաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Էստոնիայից, Իսրայելից և Նիդերլանդներից։

«Մարդիկ ապրում են, սար են բարձրանում, բնություն է, շինություն է և այլն։ Ցուցահանդեսը խոսում է ոչ միայն խաղաղության, այլև գեղարվեստական լուսանկարչության լեզվով»,- նշում է ցուցահանդեսի համադրողներից Արմեն Ենգոյանը։

Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում են 11 լուսանկարիչներ։ Կան նաև հայազգի լուսանկարիչներ մասնակից մյուս երկրներից։ Խոսելով հայ և օտարազգի լուսանկարիչների աշխատանքների մասին՝ Ենգոյանն ասաց․ «Մարդիկ հիմա այնքան շատ են շփվում, որ հնարավոր չէ՝ ընդհանրություններ չլինեն, դրանք կան։ Նախկինում կատարման, ասելիքի տարբերությունն ավելի նկատելի էր»։

«Լուսանկարի սև-սպիտակն եմ սիրում։ Կցանկանայի ներկայացված մի քանի լուսանկարներ սև-սպիտակ տեսնել։ Ուղղակի ցանկություն չէ, կարծում եմ՝ այդպես այդ լուսանկարներն ավելի կշահեին»,- նշեց լուսանկարիչ Վահան Քոչարը։

Երաժիշտ Ռուբեն Չախմախչյանը վեց տարի է, ինչ զբաղում է նաև լուսանկարչությամբ։ Ցուցահանդեսին ներկայացրել է երկու դիմանկար։

«Ժամանակին լուսանկարում էի այնպես, որ գեղեցիկ լինի։ Հիմա ինձ  ժանրային և դինամիկ կադրեր են հետաքրքրում, որտեղ կա շարժում և արտահայտչամիջոցներ»,- Cultural.am-ի հետ զրույցում  նշեց նա։

Ռուբեն Չախմախչյանը դասավանդում է երաժշտական դպրոցում, միաժամանակ աշխատում PhotoPodium.com ինտերնետային կայքում։ Լուսանկարչական ապարատը ևս աշխատանքային է․ «Հաճախ եմ ափսոսում, որ միշտ ինձ հետ չէ, քանի որ հետաքրքիր կադրեր եմ բաց թողնում»։

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության Արտ-ֆոտոյի բաժնի, PhotoPodium.com ինտերնետային  կայքի և Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի կողմից։

«Կապույտ երկնքի տակ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում ներկայացված կլինի մինչև մարտի 4-ը։ Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Երևանից հետո միջազգային շարժական ֆոտոցուցահանդեսը կներկայացվի Մոսկվայում։

 Աննա Կարապետյան