Կամյուի նոր հատորը հայերեն

jantakht
    «…Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում»: Ալբեր Կամյու
 
    Աննա Հակոբյանը երկար տարիներ զբաղվում է թարգմանչությամբ և թարգմանչության տեսությամբ: Նա ուսումնասիրել է տարբեր երկրների թարգմանական դպրոցների սկզբունքները և մշակել ու շարադրել է հայերեն թարգմանությունների կարևոր սկզբունքները: Նա իր աշակերտներին սովորեցնում է այդ սկզբունքներն ու համոզված է, որ իր աշակերտները կշարունակեն իր գործը և կթարգմանեն այն հեղինակներին, որոնք առ այսօր չկան հայերեն:
    Նա գտնում է, որ թարգմանության համար կարևոր նախապայման է ոչ միայն լեզվի լավ իմացությունը, այլև տվյալ գրողի ժամանակաշրջանի, երկրի, բարքերի, որոնք պետք է ուսումնասիրել նախքան թարգմանությունը սկսելը:
    Աննա Հակոբյանի թարգմանությամբ լույս են տեսել Անդրե Ժիդի, Մարգըրիտ Դյուրասի, Ժան Անույի, Սեն-Ժոն Պերսի, Պոլ էլյուարի, Մորիս Մետերլինկի, Միշել Ֆուկոյի և այլ հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաև Ալբեր Կամյուի առաջին հատորը:
    Իսկ հիմա լույս է տեսել տեսել  Կամյուի երկրորդ հատորը` «Ժանտախտը», որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին Գրողների միության Կլոր սրահում: Ծավալվեց հետաքրքիր քննարկում, հնչեցին տարբեր կարծիքներ գրողի, վեպի, թարգմանության վերաբերյալ:
    Սա «Ժանտախտի» երկրորդ թարգմանությունն է, առաջին անգամ այն լույս է տեսել Գրիգոր Քեշիշյանի թարգմանությամբ («Ապոլոն» հրատարակչություն, 1991թ.): Թարգմանչուհին «Ժանտախտի» երկրորդ թարգմանությունը նախաձեռնել է, քանի որ առաջինը համարում է անորակ: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի կարծիքով «Ժանտախտի» վերաթարգմանություն իհարկե անհրաժեշտ էր, սակայն չպետք է մոռանալ, որ 1991 թվականին Կամյու թարգմանել ու հրատարակելը հերոսություն էր:
    Հովհաննես Գրիգորյանը նշեց, որ Կամյուն, Կաֆկան այն հեղինակներն էին, որ մեծ գործ արեցին հենց հայ գրականության  համար: Իսկ ինչ վերաբերում է թարգմանությանը, ապա այստեղ ամենակարևորը հայերենի լավ իմացությունն է, և Գրիգոր Քեշիշյանի թարգմանությունը ձախողված է հենց այդ պատճառով: Թեպետ չպետք է ժխտել դրա պատմական կարևորությունը:
    Գրաքննադատ Սուրեն Աբրահամյանը կարևորեց Աննա Հակոբյանի թարգմանական գործունեությունը` գնահատելով այն արդիականության տեսանկյունից: «Աննա Հակոբյանը միշտ ասելիք ունի և բերելով այս կամ այն հեղինակին` միշտ երկխոսության մեջ է մտնում, արձագանքում է տվյալ ժամանակի առաջադրած հարցերին: