Կալենց արվեստագետի իրական և անիրական աշխարհը

kalents3
    Երեկ՝ հունիսի 20-ին, Գաֆէսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվեց լիբանանահայ նկարիչ Հարություն Կալենցի  «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» խորագրով ցուցահանդեսը, ուր ներկայացված էին արվեստագետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները:
  Ցուցահանդեսի նպատակն էր արվեստասեր հասարակությանը ծանոթացնել Կալենց արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ական թվականների շեմին, որտեղ առկա է արվեստագետի արդեն հստակ ձևավորված լեզուն և վերջնական հեռացումը իրականությունից՝ գրեթե վերացական ձևերի մեջ:
    Կալենց արվեստագետը գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձև, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար, կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձևեր ու մոտեցումներ փորձարկում և ապա փոխանցում կտավին:
                  kalents1               kalents2
    Ցուցահանդեսին ներկա հյուրերից ոմանք այն կարծիքին էին, որ Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան էլ իրական է, ուր ամփոփված են հավասարակշռությունն և ներդաշնակությունը:
                   kalents           kalents5
    Ցուցահանդեսի համադրող-օգնական Արմեն Եսայանցը նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպելիս կարևորում էին ոչ թե հնարավորինս շատ բան ցուցադրել, այլ ապահովել այցելուի և յուրաքանչյուր աշխատանքի միջև որոշակի տարածություն, որպեսզի նա կարողանա կտավը դիտել ոչ թե որպես հերթական ցուցանմուշ, այլ առանձին արվեստի գործ:
    Ցուցահանդեսը Գաֆէսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բաց կլինի մինչև սեպտեմբերի 22-ը: Մուտքն ազատ է:
Անի Հայկազուն, արվեստաբան