ՅՈՒՐԳԵՆ ՅԱՆԿՈՎՍԿՈՒ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Jurgen-Jankovski
    Ապրիլի 27-ին Խնկո Ապոր անվան գրադարանում «Գրական տապան. ապրիլ» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ գերմանացի գրող, հրապարակախոս, հրատարակիչ Յուրգեն Յանկովսկու՝ եղեռնազոհ հայ գրողների «Հողը կըխօսի», «Ափ մը մոխիր» ու հայ և գերմանացի դպրոցականների ստեղծագործությունների «Ուրացված-մոռացվա՞ծ» գրքերի շնորհանդեսը:
  Յուրգեն Յանկովսկու «Հողը կըխօսի», «Ափ մը մոխիր» գրքերում ներկայացված են Ցեղասպանության զոհ դարձած հայ բանաստեղծների ստեղծագործությունները: Գրքի նպատակն է աշխարհին ցույց տալ, որ թուրքերն առաջին հերթին փորձել են ոչնչացնել հայի ուժն ու ոգին՝ թիրախ դարձնելով հայ  մտավորականերին:
 Ինչպես նշեցին կազմակերպիչները, բանաստեղծությունները թարգմանվել են Գերմանիայում լավագույն մասնագետների, ճանաչված գրողների կողմից, ովքեր եղել են Հայաստանում և բազմիցս մասնակցել գրական փառատոներին:
   Յանկովսկու մյուս՝ «Ուրացված-մոռացվա՞ծ» գրքում ներառված են հայ և գերմանացի դպրոցականների Ցեղասպանության մասին շարադրությունները: 2014 թ. Հայաստանի դպրոցներում Ցեղասպանության մասին շարադրությունների մրցույթ հայտարարվեց. լավագույնները թարգմանվեցին և ուղարկվեցին Գերմանիա, որտեղ նույնպես անցկացվեց նմանատիպ մրցույթ: Այս ջանքերը միավորվեցին, և արդյունքում լույս տեսավ  ժողովածուն:
  Միջոցառման վերջում ՀՀ գրողների միության կողմից Յուրգեն Յանկովսկին և ավստրալացի գրող Մարսելա Փոլեյնը պարգևատրվեցին Գրողների միության Գրական վաստակի մեդալով:
  
    Յուրգեն Յանկովսկին 2000 թ.-ից եղել է Սաքսոնիա Անհալթի գրողների Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայս միության քարտուղարը, իսկ 2006 թ.-ից՝ նախագահ: ODA ամսագրի հրատարակիչն է: Գերմանիայի գրողների միության, Եվրոպական գրողների միությանևՊԵՆ-ի անդամ է: Նա 1996 թ. ստացել է «Վոլտեր Բոեր» մրցանակ: Դեռևս 2012թ. նրա նախաձեռնությամբ հրատարակվել է ժամանակակից հայ բանաստեղծների ժողովածուն գերմաներենով
: