ՋՈՆ ԳՐԻՆԻ «ԹՂԹԵ ՔԱՂԱՔՆԵՐ» ՎԵՊԸ ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ

0-0-0-գրին
  «Անզուսպ ծիծաղ առաջացնող հումոր և հոգուն դիպչող սրաթափանցություն». այսպես է բնութագրել բրիտանական հայտնի ամսագրերից մեկը ամերիկացի գրող, բլոգեր և գրաքննադատ Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» ստեղծագործությունը, որը կարճ ժամանակում հասցրել է համաշխարհային բեսթսելեր դառնալ: Այսօր արդեն գիրքը հասանելի է նաև հայ ընթերցողին՝ հայերեն թարգմանությամբ:

  «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ «Թղթե քաղաքներ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչները, գրքի թարգմանիչը, խմբագիրը և Ջոն Գրինի ստեղծագործություններին ծանոթ հայ ընթերցասերները: «Նյու Յորք Թայմսի» #1 բեսթսելերների («Աստղերն են մեղավոր», «Փնտրելով Ալյասկան», «Բազում Քեթրիններ») հեղինակ Ջոն Գրինի այս ստեղծագործությունը ներկայացնում է մի տղայի բարդ ու խելացի կերպար, ու թե ինչպես է նա սիրում:

 Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ նինջայի հագուստով աղջիկը բացում է նրա պատուհանը և հետո մագլցում նրա կյանք, հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է: Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ աղջիկը հուշումներ է թողել իր համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է:

  Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, հուզական անկեղծությունը ծնունդ են տվել ընթերցողների մի նոր սերնդի: Տարածված կարծիք կա, որ նրա ստեղծագործությունները նախատեսված են դեռահասների համար, բայց գիրքը հրատարակած ընկերության ներկայացուցիչ Շավարշ Կարապետյանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Ասում է՝ Ջոն Գրինը հարազատ է ցանկացած տարիքի ընթերցողի համար. «Լինում են, չէ՞, հիշողություններ, իրավիճակներ, երբ ցանկանում ես նշել, ընդգծել այդ պահը քո կյանքում: Այս գիրքը կարծես աչքիդ առաջ է բերում քո ընդգծած բոլոր այդ իրավիճակները, երիտասարդ տարիքում արած խենթություններդ: Ու կապ չունի՝ քանի տարեկան ես, այդ ամենը հիշելով՝ ժպիտ է առաջանում»,- համոզված է Շավարշ Կարապետյանը, ով Ջոն Գրինի գրքերը թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար անձամբ է նամակ գրել Ջոն Գրինին:

 Գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանն առաջին անգամ չէր առնչվում Ջոն Գրինի ստեղծագործություններին. թարգմանել էր նաև «Աստղերն են մեղավոր» վեպը: Հենց դրա շնորհիվ էլ այս անգամ ավելի հեշտությամբ է պահպանել այն լեզվական ոճն ու առանձնահատկությունները, որ բնորոշ են Ջոն Գրինի ստեղծագործություններին: «Իհարկե, որոշ դժվարությունների բախվում ենք թարգմանության ժամանակ, բայց աշխատում ենք հավատարիմ մնալ նրա ոճին ու ձեռագրի պարզությանը: Կարծում եմ՝ մեր իրականությանն անհրաժեշտ են Ջոն Գրինի ստեղծագործությունները, քանի որ դեռահասների գրականություն շատ քիչ կա Հայաստանում: Ընդհանրապես գիրքը կհետաքրքրի թե՛ դեռահասներին և թե՛ մեծահասակներին, քանի որ Ջոն Գրինի առանձնահատկությունը կերպարների բազմազանությունն է, և յուրաքանչյուրս էլ անպայման մեզ կգտնենք այդ կերպարներից որևէ մեկում»,- նկատում է Ալինան:

  Գրքի խմբագիր Լուսինե Համբարյանն էլ իր խոսքում անդրադարձավ ստեղծագործության վերնագրին: Նրա խոսքով՝ «թղթե քաղաքներ»-ը մարդիկ են, նրանց կաղապարներն են թղթե, և կերպարներն ուսումնասիրելուց հետո միայն կարելի է հասկանալ, թե որն էր թուղթը, որն էր կաղապարը, և որն էր էությունը. «Այս ստեղծագործության ամբողջ ընթացքն ինքնաբացահայտում է, և մենք տեսնում ենք՝ ինչպես են կերպարները հասնում հոգևոր հասունության: Ստեղծագործությունը սովորեցնում է մեզ ոչ միայն ինքնաբացահայտվել, հասկանալ մեր ներքին էությունը, այլև հասկանալ դիմացինի էությունը: Սա է գաղտնիքը, որ ստեղծագործությունը հետաքրքրում է տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդկանց»,- նշեց Լուսինեն:

  Եթե դուք էլ եք ցանկանում հաղորդակից դառնալ Ջոն Գրինի անկեղծորեն զվարճալի երկխոսությանը, բավական խճճված, բայց ոչ անհամոզիչ առեղծվածին, ապա տեղեկացնենք, որ «Թղթե քաղաքներ»-ն արդեն վաճառքում է: Բարի ընթերցում։


Աստղիկ Իսկանդարյան

0 0 0 գրին1

0 0 0 գրին2

0 0 0 գրին3

0 0 0 գրին4

0 0 0 գրին