Ժամանակակից հայ արձակը գրականագետների աչքերով

hay arcak
    ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր հավաքվել էին ոչ միայն դասախոսներ և ուսանողներ , այլեւ գրականագետներ և գրաքննադատներ: Պատճառը` «Ժամանակակից հայ արձակի հիմնախնդիրներ» գրքի շնորհանդեսն էր: Հրատարակությունը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Հայաստանի գրողների միության և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: Գրքում ներառված են 2013թ. ապրիլի 5-ին եւ 6-ին ԵՊՀ-ում և Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցած գիտաժողովի նյութերը` 20 զեկույց:
    Բանասիրության ֆակուլտետի նորագույն գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Գաբրիելյանը ուրախությամբ հայտնում է, որ գիրքն իսկապես երեւույթ է, քանի որ քննության է առնում արդի արձակը, ինչն իսկապես քննության կարիք ունի.
    «Մենք փորձել ենք սեղանին դնել գիտաժողովի հավաքական գոյությունը:Գործ ունենք լավ ժողովածուի հետ,որը կարեւոր է գրականության զարգացման, ինչպես նաեւ գրողներին եւ գրաքննադատներին օգնելու համար»:
    Ժողովածուն ամփոփում է գրականագետների արդեն հինգերորդ գիտաժողովը, բայց առաջինը` ժամանակակից գրականությանը անդրադառնալու տեսանկյունից.
«Հայ մեծերին նվիրված գիտաժողովները կարեւոր էին նրանով,որ նրանք, օրինակ Աղբալյանը, Շանթը, Օշականը, Համաստեղը, նախկինում արգելված էին, նրանց անունը հնչեցնելու և արժևորելու խնդիր կար: Նրանք իրենց մնայուն տեղն արդեն ունեն, այսօր կենդանի ընթացքի մեջ գտնվող, ժամանակակից գրականությունն է սպասում իր գնահատականին»,-նշում է գրականագետ Ժենյա Քալանթարյանը:
   Զեկույցների հեղինակները գրականագետների եւ քննադատների տարբեր սերնդի ներկայացուցիչներ են, ավագների կողքին կան նաեւ երիտասարդներ, «Նոր գրաքննադատների սերունդն արդեն առկա է և ունակ փոխարինելու իր նախորդներին»,- փաստում է Վազգեն Գաբրիելյանը: Գրքի խմբագիր Լիլիթ Գալստյանի խոսքերով գրականագետների համատեղ ժողովները կշարունակվեն: Արդեն հայտնի է նաև հաջորդ գիտաժողովի թեմատիկան.«Կանդրադառնանք գրական հայերենի խնդրին գրավոր հոսքերում եւ գրականության մեջ»:
    Գրքի շնորհանդեսին զուգահեռ տեղի ունեցավ նաև Համազգային մշակութային միության «Հակոբ Կարապենց» կրթաթոշակի թվով 11-րդ մրցանակաբաշխությունը: Կրթաթոշակը նախատեսված է ՀՀ բուհերի հումանիտար բաժանմունքերի ուսանողների համար: Այս տարվա մրցանակակիրները հինգն էին` ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Աստղիկ Սողոյանը, Նունե Մաթեւոսյանը , Սուսաննա Ասոյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Հասմիկ Մելիքսեթյանը եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի ուսանող Մանանա Հովակիմյանը:
    Մանանան խոստովանում է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակին. «Այս կրթաթոշակի են արժանացել մեր արդի շատ ու շատ գրողներ, գրականագետներ, լրագրողներ, որոնք իրենց բնագավառում հայտնի անուններ են: Այսօր նրանց անվան կողքին ավելացավ նաև իմ անունը, ինչը շատ պարտավորեցնող է»:
                                                                                                                           Աննա Կարապետյան