«ԻՆՁ ՇԱՏ ՀՈՒԶԵՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵԳՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ». ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

tun-sahmani-vra-2016
 Հոկտեմբերի 28-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում կներկայացվի լեհ անվանի դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի (1930-2013 թթ.) «Տունը սահմանի վրա» պիեսը (1967 թ.): Բեմադրող ռեժիսորն ու երաժշտության հեղինակը Արմեն Մարգարյանն է:

«Ինձ շատ հուզեց հեղինակի հեգնական մոտեցումը պատերազմին: Փորձել եմ վերարտադրել իմ մանկությունը, երբ պատերազմի (Արցախյան շարժման) արհավիրքը մեզանից քողարկելու համար մեծերն այն ներկայացնում էին որպես պատրանք, որ չվախենանք, որ մեր հոգին հանկարծ չկոտրվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Մարգարյանը:

Բեմադրող ռեժիսորը չցանկանացավ ավելին ասել ներկայացման մասին, չասաց նաև, թե որքանով է փոխել պիեսը:

Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» տրագիկոմեդիայի գործողությունները կատարվում են մեր օրերում: Քաղաքական պայմանների թելադրանքով հերթական անգամ պետությունների միջև պետք է նոր սահման գծվի, որը ճակատագրի հեգնանքով անցնում է իր առօրյա կյանքով ապրող մի սովորական ընտանիքի տան ուղիղ մեջտեղով:

Գործողությունների հետագա ընթացքը վեր է հանում երկու գերտերությունների քաղաքական խաղերն ու խարդավանքները, պետական տարբեր կառույցների անմիտ ու անտրամաբանական քայլերը և դրանց կործանարար հետևանքները:

Ընտանիքը դարձել է այդ խարդավանքների զոհը, որի միջոցով հեղինակը սուր սարկազմով բացահայտում է այդ արհավիրքի կործանարար էությունը, զավեշտալի իրավիճակների և դինամիկ երկխոսությունների միջոցով վեր հանում քաղաքական ու ռազմական գործիչների անհեթեթ որոշումներն ու քայլերը, որոնք, ի վերջո, հանգեցնում են ողբերգության ու պատերազմի՝ ժողովուրդների կյանքը դարձնելով իսկական մղձավանջ:

Սիրանուշ Հայրապետյան