ԻՆՁ ԿԱՊՎԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ ԱՅՍ ԵՐԿՐԻՆ. ՋԻԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈ

gianluca-marciano
  «Ես ինձ կապված եմ զգում այս երկրին։ Սա տաղանդներով լի երկիր է։ Հրաշալի երաժիշտներ կան»,- ասում է դիրիժոր  Ջիանլուկա Մարչիանոն։- Հպարտ եմ, որ հրավիրված եմ այստեղ Գեղամ Գրիգորյանի կողմից, ով հրաշալի տենոր է և կենդանի լեգենդ:
    Մարչիանոն Հայաստան է ժամանել Իտալիայից։ Նրա դիրիժորությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» (նոյեմբերի 12) և «Տրուբադուր» (նոյեմբերի 19) օպերաները, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Գուստավ Մալերի Սիմֆոնիաթիվ 1 «Տիտանը» (նոյեմբերի 14)։
traviata pordz «Տրավիատան» դիրիժորը կղեկավարի 64-րդ անգամ։ Ասում է՝ այս անգամ իր մեկնաբանությունը շատ տարբեր է բոլոր նախորդներից, շատ բան է փոխել՝ իր փորձը տալով այս օպերային: Որպես իտալացի՝ «Տրավիատան» ու «Տրուբադուրը»՝ իտալական ռեպերտուարի հիմնական օպերաները,  իր արյան մեջ են:
    Մալերի սիմֆոնիան կկատարվի Խաչատրյանական փառատոնի շրջանակներում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Cultural.am-ի այն հարցին, թե նա՝ որպես Բեյրութի «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ինչպես է գնահատում Արամ Խաչատրյանի անվան փառատոնը, Մարչիանոն պատասխանեց․«Սիրում եմ Խաչատրյանական փառատոնը, որովհետև այն հրավիրում է շատ հրաշալի երաժիշտների՝ նոր սերնդի աստղերի։ Ֆանտաստիկ նվագախումբ է, գեղեցիկ համերգային ծրագիր։ Հայաստանի համար լավ է ունենալ նման երկարատև փառատոն այդքան համերգներով և տեսնել շատ երիտասարդների, ովքեր հետաքրքրությամբ գալիս են լսելու։ Դա հրաշալի բան է դասական երաժշտության համար»։
 1211opera   Արդեն երեք օր է, սկսվել են «Տրավիատայի» փորձերը։ Նա ուրախ է Օպերայի նվագախմբի հետ աշխատելու այս հնարավորության համար: «Մենք քրտնաջան աշխատում ենք ծրագիրը գեղեցիկ ներկայացնելու համար։ Ես վայելում եմ պրոցեսը։ Կարճ ժամանակում պետք է հասցնեմ նվագախմբին տալ ամեն ինչ՝ իմ գաղափարները, իմ տեմպն ու ռիթմը։ Ես պատասխանատու եմ նրանց բոլորի համար»,- նշում է Մարչիանոն։ Իտալացի դիրիժորը բարձր է գնահատում սոլիստների տաղանդն ու երգչախմբի պրոֆեսիոնալիզմը և նվագախմբի աշխատասիրությունը:
    Ներկայացված լուսանկարները «Տրավիատայի» փորձից են: 
Աննա Կարապետյան