«ԻՄ ՈՒՂԻՆ»․ ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԱԶԳԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ

im- uxin
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Իմ ուղին» (“My Way”) համերգ-ձեռնարկը։ Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան դաշնակահարներ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը, միջազգային մրցույթների դափնեկիրներ Նիկիտա Մնդոյանցը (Մոսկվա) և Սոնա Արշակյանը (Մոսկվա), դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը և դիրիժոր Կրիստոֆեր Վալլանդերը (Շվեդիա)։
Հայ և օտարազգի երաժիշտները միասին հնչեցրին Առնո Բաբաջանյանի ինչպես նաև դիվանագետ, կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանի ստեղծագործություններից։ Դավիթ Մնացականյանը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, բայց համերգին ներկա գտնվելու համար ժամանել է հայրենիք։ Մնացականյանի՝ «Իմ ուղին» (“My Way”) ստեղծագործությունը նույնպես հնչեց երեկոյի ընթացքում։
Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին։ Նախաձեռնողներն էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային նախագծի կազմկոմիտեն։
«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը տեղեկացրեց, որ  երաժիշտները բազմազգ են: Կազմակերպությունը ձևավորվել է Մոսկվայում, նախորդ տարի՝ հարյուրամյակի միջոցառումների ժամանակ։
«Նպատակն էր մեկ բեմում հավաքել տարբեր ազգերի ներկայացուցիչների, արվեստի լեզվով խաղաղության և խնդիրները երկխոսությամբ լուծելու կոչ անել։ Մեր և «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային նախագծի նպատակը նույնն էր։ Ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որի շրջանակում էլ այսօր տեղի է ունենում համերգը։ Համերգ-ձեռնարկով մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության ջանքերին, որոնք նպատակաուղղված են ցեղասպանության նման հանցագործությունների կանխարգելմանը և դատապարտմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նավոյանը։
Համերգ-ձեռնարկն առաջինը չէ և վերջինն էլ չի լինելու։ Մեկ ամիս անց երաժիշտները համերգային ծրագրով հանդես կգան Մոսկվայում։ Մյուս երկրների քաղաքների հետ ձեռք են բերվում պայմանավորվածություններ։
 «Մեծ բավականությամբ եմ եկել։ Վերջին անգամ Հայաստանում եղել էի տասը տարի առաջ և ժամանակ առ ժամանակ հիշողություններն ինձ այցելում էին։ Անցած անգամվանից հիշում եմ հրաշալի հանդիսատեսի։ Զարմանալի, ֆանտաստիկ հյուրընկալություն էր։ Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա»,-նշեց ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը։
«Իմ ուղին» համերգն անցկացվեց ՀՀ Մշակույթի նախարարության և «Փյունիկ» մարդկային զարգացման հայկական հիմնադրամի աջակցությամբ։

Աննա Կարապետյան