«ԻՄ ՄԱՍԻՆ ԿԼՍԵՔ ՈՐՊԵՍ ԲԵՄԱԴՐԻՉ». ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ

jaklin-sarkhoshyan-hrajesht bemin
  ՀՀ վաստակավոր արտիստ, մենապարուհի Ժակլին Սարխոշյանը հոկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Հրաժեշտ բեմին» խորագրով համերգային ծրագրով հեռացավ մայր թատրոնի բեմից։ 

«Ես չեմ երազել դառնալ բալետի պարուհի, երազում էի ուղղակի պարուհի լինել։ Կարծում եմ՝ իմ համառությունը, որն ինձ միշտ օգնել է, դեռ չի ավարտվել։ Ես ուղղակի հեռանում եմ մեծ բեմից, բայց շարունակելու եմ իմ աշխատանքով առաջ գնալ ընդհուպ մինչև կյանքիս վերջ՝ կյանքի կոչելով նորանոր նախագծեր»,-  ներկայացումից առաջ Cultural.am-ին ասաց պրիմա պարուհին։ 

Տասնյակ դերապարեր, որոնցից յուրաքանչյուրը մենապարուհու վրա հետք է թողել։ Առանձնացնել այդ դերերը  Ժակլին Սարխոշյանը դժվարանում է։
«Բոլոր կերպարներն էլ սիրել եմ։ Ինչպես երեխային, որին ծննդաբերում ես, այդպես էլ դերը, կերպարն առանձնահատուկ են։ Ինչպես իմ ուսուցիչներն էին ասում, Ջուլիետայի համար եմ ծնվել։ Կառանձնացնեմ նաև «Սպարտակ» բալետում Ֆրիգիայի դերը, քանի որ հնարավորություն եմ ունեցել աշխատել Յուրի Գրիգորովիչի հետ»,- ասաց Սարխոշյանը։

Թե ինչն է հրաժեշտ տալու որոշման վրա ազդել, պարուհին չցանկացավ ասել, փոխարենը նշեց, որ նոր նախագծերը սարերի հետևում չեն։
«Գաղտնիքը չբացեմ, թե ինչը ստիպեց ինձ հրաժեշտ տալ բեմին։ Վատ բաները թողնեմ մի կողմ։ Ուղղակի ասեմ, որ իմ մասին կլսեք որպես բեմադրիչ։ Ցանկանում եմ աշխատել մանկական ներկայացումների վրա, քանի որ հենց մանկական ներկայացումների միջոցով պետք է դաստիարակենք սերնդին»,- ասաց մենապարուհին։

Ժակլին Սարխոշյանը ծնվել է 1975թ. հունվարի 26-ին  Երևանում: 1993թ.-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` որպես բալետի դերասան: 1991թ.-ից  աշխատում է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 1997թ.-ից հանդես է գալիս որպես թատրոնի առաջատար մենակատար: 2012թ.-ին ներկայացրել է «Երազ» բալետը՝  հանդես գալով իբրև բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ:

Ալինա Նահապետյան