ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

Arev-Samuelyan
    ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված է ավելի քան 24.224 հուշարձան: Հարևան Վրաստանում նմանատիպ հուշարձանները ընդամենը 7000-ն են:
    Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմամշակութային հուշարձանների ոլորտում իրականացվող բարեփոխումներին անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Վերջինս կարևորեց հատկապես Ազգային ժողովի կողմից ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մա­կան միջավայրի պահ­պանության և օգտագործման մասին» ՀՀ օրեն­քում փոփո­խու­թյուն կատարելու մասին» ՀՀ օրենքի նա­խա­գիծը (փոփոխվել և լրացվել են գործող օրենքի 21-րդ և 36-րդ հոդվածները): Հիշեցնենք, որ նախագիծն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերին, որով ամրագրվել են հուշարձանի տեղա­փոխման և փոփոխման դեպքերը, պայմանները և պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:
    Նախարարի տեղակալի խոսքով՝ օրենքի նախագծի վրա աշխատել են մոտ երեք տարի. «Պետք էր համաձայնեցնել օրենքը այլ ակտերի և միջազգային կոնվենցիաների հետ. փոխվել են նաև հուշարձանների վերականգնման և պահպանման պահանջները (օրենքը 1998 թվականի էր): Շուտով նախագիծը կներկայացվի Կառավարություն»:
    Առաջին անգամ պետական միջոցներով հուշարձանի վերականգնման աշխատանքներ են մեկնարկել 2004 թվականին: Մինչ օրս վերականգնվել է 68 հուշարձան, ծախսվել 4 մլրդ դրամ: Վերջին տարիներին նկատվում է նաև տրամադրվող տարեկան գումարի աճ (2013թ.` 215մլն դրամ, 2014թ.` 250 մլն դրամ, 2015թ.` 300 մլն դրամ): Քիչ չեն նաև մասնավոր հատվածի ներդրումները: Անցյալ տարի մասնավոր հատվածի ներդրումները կազմել են շուրջ 850 մլն դրամ:
    DSC07951«Կազմել ենք նաև հնագիտության զարգացման տասնամյա ծրագիր, որը նույնպես շուտով կներկայացվի Կառավարություն:Լուրջ աշխատանք է իրականացվել ոլորտի գիտական հաստատությունների հետ: Ծրագիրն ուղղված է լինելու նաև նոր կադրերի պատրաստմանը, ենթակառուցվածքների զարգացմանը»,-նշեց Արև Սամուելյանը:
    Մշակույթի նախարարի տեղակալը համոզված է՝ միայն լիազոր մարմինը չէ, որ պետք է զբաղվի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրով.«Բնակչությունը հիմնականում հարգանքով և ակնածանքով է վերաբերվում մեր պատմամշակութային ժառանգությանը, սակայն լինում են գանձագողության դեպքեր կամ առանց պետական լիազոր մարմնի, առանց մասնագետի ինչ-որ աշխատանքներ են իրականացնում:Ոչ միայն պետական լիազոր մարմինն  է պատասխանատու, այլև մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները»:
    Այս տարվա ծրագրով վերականգնողական աշխատանքներ են տարվում 18 պատմամշակութային  հուշարձաններում:  

2015 թ. հուշարձանների վերականգնման ծրագրում ներառված հուշարձանների ընտրությունը պայմանավորված է դիտանցման արդյունքում (Ոսկեվազի Սբ. Հովհաննես եկեղեցի, ԻրինդիՍբ. Աստվածածին եկեղեցի, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի, Քոբերի Քոբայրավանք համալիր, Սանահինի վանական համալիր, Լոռի բերդի «Լոռի բերդ» ամրոց, Բջնու «Բջնո» ամրոց, Բուժականի Թեղենյաց վանք, Կամարիսիի Սբ. Հովհաննես եկեղեցի, Վաղտինի Որոտնավանք համալիր, Տեղի Սբ. Գևորգ եկեղեցի, Գոշի Գոշավանք համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցի, Վերին Դվինի Դվին հնավայր) հրատապ վերականգման անհրաժեշտությամբ, մարզերում համաչափության 9 մարզերի 21 հուշարձանների նախագծում, ամրակայում, վերականգնում, որից 6-ը նոր սկսվող (Արագածոտնի մարզ` 2 հուշարձան, Արարատի մարզ` 3 հուշարձան, որից` 3-ը նոր  սկսվող, Արմավիրի մարզ` 1 հուշարձան, Գեղարքունիքի մարզում 1 հուշարձան, որից` 1-ը նոր սկսվող,  Լոռու մարզ` 4 հուշարձան, Կոտայքի մարզ` 5 հուշարձան, որից` 1-ը նոր սկսվող, Սյունրքի մարզում 2 հուշարձան, որից` 1-ը նոր սկսվող, Վայոց ձորի մարզ` 1 հուշարձան, Տավուշի մարզ` 2 հուշարձան) սկզբունքի պահպանության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվա­ծությամբ (Սանահինի վանական համալիր, Գեղարդավանք), հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման համաձայն ՀՀ կառավարության որոշումների, պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ (Քոբայրավանք, Սոլակի Մայրավանք, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Մխիթար Գոշի դամբարան, Օձունի տաճար), ինչպես նաև պատմամշակութային զբոսաշրջության հարավային երթուղու զարգացման ծրագրի անհրաժեշտությամբ:
Աննա Կարապետյան