Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն ու մրցույթը

aram khachatryan mrcuyt
   2013թ. ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Ելնելով մշակութային այս իրադարձության կարևորությունից` 2013թ. ընթացքում նախատեսվում է բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս, միջոցառումներ, որոնք կմիավորվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:
    Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ մեծ երաժշտի ծննդյան օրը։ Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Երևան կժամանեն թավջութակահարներ և երաժշտական աշխարհի հեղինակավոր հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007-ից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:
    Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
    Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին ընտրվել է որպես Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։ Հեղինակավոր երաժշտական այս կառույցին անդամակցումը նոր հեռանկարներ է բացում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի համար և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։