Հովհաննես Գրիգորյանը ինչպես հայերի, այնպես էլ իրանցիների սիրելի բանաստեղծ

Hovh-Grigoryan-parskeren
 Այսօր` փետրվարի 11-ին, Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրվում էր նաև բանաստեղծի մահվան տարելիցին: Հովհ. Գրիգորյանը բազմիցս թարգմանվել է Իրանում և շատ իրանցի ընթերցասերների սիրելի բանաստղեծն է: «Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ»-ը բանաստեղծի երկրորդ պարսկերեն գիրքն է: Բանաստեղծությունների ժողովածուն լույս է ընծայել Իրանի «ԱՖրազ» հրատարակչությունը Վահե Արմենի թարգմանությամբ:
    Միջոցառմանը ներկա էին բանաստեղծի գրչակից ընկերները, ընտանիքի անդամներն ու նրա պոեզիայի երկրպագուները: Ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Ռեյիսիի բնորոշմամբ հայերը և իրանցիները ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամներ. «Մեր հարաբերությունները բոլոր առումներով համահունչ են հատկապես գրականության և արվեստի ասպարեզում: Եթե երբևիցե լինեք Սպահանում, կտեսնեք այնտեղ նաև հայկական արվեստի գլուխգործոցներ, օրինակ Վանք տաճարը, որը դրա վառ ապացույցն է»:
    Դեսպանի հետ  միջոցառմանը ներկա էր նաև ԻԻՀ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնակատար Հասան Մադանին, ով նշեց, որ համագործակցությունը դեռ դեսպանատան բացումից է սկսվել և շարունակվել է հայ և իրանցի բանաստեղծների շփումներով, պոեզիայի միջազգային տարբեր փառատոններով. «Միշտ բարձր մակարդակի վրա է եղել հայ և իրանցի բանաստեղծների կապը»: Հովհաննես Գրիգորյանի և Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությունը շատ սերտ է եղել: Մոտ չորս տարի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը եղել է հայ-իրանական «Միհր» ամսագրի խմբագիրը: Բանաստեղծի հետ նույն թերթում աշխատած թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը կարոտով է հիշում համատեղ աշխատանքի շրջանն ու հումորով լեցուն ժողովները. «Հովհաննես Գրիգորյանն ինձ համար այն բանաստեղծներից է, ում պատանի ժամանակներից ցանկացել եմ տեսնել: Մեծագույն առիթ էր նրա հետ նույն ամսագրում աշխատելը»:
    Գրքի թարգմանիչ Վահե Արմենը գրական վաստակի համար արժանացավ Հայաստանի գրողների միության մեդալի: 
     Հիշեցնենք, որ 13 հայ բանաստեղծների պարսկերեն թարգմանությունը նախաձեռնել են Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի բաժինը Հայասատնի գրողների միության և ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ: Հայ չորս պոետներ արդեն ունեն իրենց պարսկերեն գրքերը, մյուս գրքերի թարգմանությունը ընթացքի մեջ է:
                                                                                                               Աննա Կարապետյան