«ՀՈՐՍ ԵՐԱԶԱՆՔՆ ԷՐ, ՈՐ ԵՐԱԺԻՇՏ ԴԱՌՆԱՄ»․ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

mansuryan-handipum
    Հունիսի 12-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ։ Հանդիպման ժամանակ կոմպոզիտորն անկեղծացավ՝ պատմելով Հայաստան գալու, կոնսերվատորիա ընդունվելու, կյանքի և ստեղծագործական տարբեր շրջանների ու որոնումների մասին։ Cultural.am-ը ներկայացնում է հանդիպումը՝ որպես հանրային հարցազրույց։

      «Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ»
    Ծնվել եմ Բեյրութում։ 1947թ․-ին ընտանիքով եկանք Հայաստան։ Երբ գալիս էինք, հորս երազանքն էր, որ ես երաժիշտ դառնամ։ Չիմանաք, թե հեշտ էր այն տարիներին Հայաստանում ինտեգրվելը։ Դժվար էր, բայց ես ամեն տեսակի կյանքի ճանապարհների՝ դժվարությունների, ուրախությունների, ձեռքբերումների, կորուստների համար շնորհակալ եմ։ Դրանք բոլորը Աստծո տվածն են և իմ էության կարևոր մասն են։ Ես չեմ պատկերացնում իմ երաժիշտ լինելը, արվեստի մարդ լինելը  առանց այդ մեծ տեղափոխության։  Իհարկե լինում են արվեստագետներ, որ կայանում են դրսում, օրինակ՝ Գարսուն, Ժանսեմը, Ազնավուրը։ Նման բան ինձ հետ չէր լինելու։

    «Ուղիղ կապը երաժշտության հետ նախանձելի հարաբերություն է»
    Ես երաժշտություն չեմ սովորել։ Երաժշտական դպրոց չեմ հաճախել։ Արթիկում երաժշտական դպրոց չկար։ Ինքս եմ սովորել նոտաները։ Չեք պատկերացնի՝ ինչ դժվար է, երբ չկա մեկը, որ հարցնես, թե ինչ է այս ռիթմը։ Ես շնորհակալ եմ, որ այդ ամենն ինքնուրույն եմ արել։ Իհարկե ուսուցիչը օգտակար բան է քո կողքին, որ քեզ սովորեցնում է և քեզանից պահանջում է, բայց բոլորովին ուրիշ վիճակ է, երբ դու երաժշտության հետ հարաբերվում ես ուսուցչի միջոցով, նրա խորհուրդների ու գնահատականի միջոցով։ Երբ դու մեն-մենակ ես, ուղիղ կապը երաժշտության հետ նախանձելի հարաբերություն է։ Մինչ օրս ես սիրով երաժշտության հետ ապրողն եմ, ոչ թե ինտելեկտուալը։ Բոլորը երկրորդային բաներ են, սերն է որոշում։

 mansuryan theloft   «Իմ երգերը Շիրակի դաշտերի երգերն են»
    Արթիկում եմ մեծացել։ Իմ երգերը Շիրակի դաշտերի երգերն են։ Գեղեցիկ երգեր են, որոնք շատ սիրում եմ։ Հին օրերի երգերն են դրանք։

     «Այն ժամանակվա ընկերությունը բովանդակալից էր»
    Եթե մի քիչ աչքի էիր ընկնում, բոլորը քեզ ներառում էին իրենց մեջ, անմիջապես արվեստագետների ընտանիք էիր մտնում՝ Սևակը, Մինասը, Հրանտ Մաթևոսյանը։ Ես վարպետի՝ Մարտիրոս Սարյանի, տանը հաճախ էի լինում։ Չեմ կարող ասել՝ ընկերություն, ավելի շատ պապի ու թոռան հարաբերություն էր։
    Չկարծեք, որ միայն իդեալական հարաբերություններ էին, ամեն տեսակ հարաբերություններ կային։ Օրինակ՝ Սևակը շատ կռվարար էր, ամբողջ քաղաքը նրա բարձր ձայնն էր, երբ ազգային հարցերի հետ կապված բուռն վեճեր էին լինում մինչև առավոտ։ Քաղաքը շատ էր իրենով լցված։ «Պայթուցիկ» էր, բայց նաև մեծ եղբայր կարող էր լինել, ով փոքր եղբորը մի բան առաջարկելիս խնդրանքով է ասում։
    Հիշում եմ՝ մի անգամ քայլում էինք։ Մեզ հետ մի քանդակագործ կար՝ Յուրան, որն անվերջ ասում էր. «Սարյանը՝ ոչ, Քոչարը՝ այո»։ Երվանդ Քոչարի նկատմամբ մեծ սեր ուներ։ Նրա համար մոդեռն քանդակը, մոդեռն նկարչությունը Սարյանը չէր, Քոչարն էր։ Սևակը համոզում էր Յուրային, խնդրում, որ ամեն մեկի մասին արժանին մտածի՝ «Սարյանը Սարյան է, Քոչարը՝ Քոչար»։
    Հիմա իմ շփումները նվազագույնի են հասցված։ Շատ միայնակ եմ ապրում, բայց լավ ընկերներ ունեմ՝ գրքեր, ձայնասկավառակներ։ Չեմ էլ հասցնում օրվա ընթացքում և աշխատանքս անել, և նրանց հետ հարաբերվել։ Հետաքրքիր է այդ կյանքը։

    «47 տարի ընկերներ և ամուսիններ ենք եղել»
    Իմ կնոջ հետ մենք 47 տարի ապրեցինք։ 47 տարի ընկերներ և ամուսիններ ենք եղել։ Միասին ընդունվեցինք կոնսերվատորիա։ Միասին ավարտեցինք․կինս կարմիր դիպլոմով, ես՝ սովորական։ Այդ ժամանակ արդեն կար մեր առաջնեկը՝ տղաս, բայց նա հասցնում էր և այս, և այն։ Երաժշտագետ էր, երբևէ չփորձեց մանկավարժությունից դուրս գալ։ Համարում էր, որ ոչ մի հոդված գրելու իրավունք չունի, քանի որ ինչ-որ հրապարակ հանեց, պիտի մտածեն, որ նաև իմ կարծիքն է։ Դրանից խուսափելու համար իսպառ հրաժարվեց երաժշտագետ լինելու իր կոչումից։
    Ռուսական կրթություն ուներ, բայց մեր համատեղ ապրած տարիներին սովորեց ընտիր հայերեն։ Այն տարիներին երաժշտական դպրոցի բոլոր նյութերը ռուսերենով էին, նստում, թարգմանում էր և թելադրում էր միայն հայերեն։ Իսկապես հայոց լեզվի շուրջ, հայ մշակույթի շուրջ մի լավ բարեկամություն էր։ Մենք լավ կյանք ապրեցինք միասին։
    Երբ արդեն գիտեի, որ հիվանդ է, որոշեցի նրան մի գործ նվիրել։ Երբեմն ուզում էր, ասում էր՝ երբ ես մի գործ նվիրելու ինձ։ Ասացի՝ գիտես, այս գործը, որ հիմա վերջացրել եմ (Չարենցի տասը բանաստեղծություններով «Արվեստ քերթության» շարքն էր), կուզեմ քեզ նվիրել, կուզեի՞ր։ Ասաց՝ իհարկե, չէ՞ որ, երբ երիտասարդ տարիներին այգի էինք մտնում, դու միշտ թևիդ տակ ունեիր Չարենց և կարդում էիր ինձ համար։ Այն ժամանակ արդեն մեզ հետ էր Չարենցը։ Ես այդ բաները չէի հիշում,  իհարկե, բայց շատ տպավորվեցի։

    «Չարենցը մշտապես ինձ հետ է»
    Իմ սեղանի մշտական գիրքն է Չարենց, Իսահակյան։ Իսահակյանը նոր եկավ ինձ համար։ Չարենցը կար, երբ ես տասներեք տարեկան էի։  Ստալինի մահից հետո Անաստաս Միկոյանը եկել էր Հայաստան և ասել էր՝ ինչու չեք տպում Չարենց, Չարենցը մեծ բանաստեղծ է։ Առաջին անգամ 1937թ․-ից հետո Չարենց տպվեց։ Այդ ժամանակից մշտապես ինձ հետ է Չարենցը։

 mansuryan loft   «Կոմիտասն ինձ համար սրբություն է»
    Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, սրբություն է։ Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է և հոգևոր երաժշտությունը։ Երգեր կան, որ իրենց լուսավորությամբ անչափ գեղեցիկ են, այնքան լույս կա դրանց մեջ։ Ես երբեմն մտածում եմ, որ եթե ձայներով կարելի է մի երկիր ստեղծել, այդ մակետի հիման վրա  կարելի է դրախտ ստեղծել։

    «Աղոթել երաժշտությամբ»
     Ներսես Շնորհալու աղոթքների շարքը կա՝ «Հավատով խոստովանիմ»։ Քսանչորս աղոթք է, ամեն մեկը՝ օրվա մի ժամի համար։ Յոթ աղոթք ընտրեցի, գրվեց Գերմանիայում։ Ցավում եմ, որ այստեղ չի հնչում։ Մեկ-երկու անգամ է այստեղ կատարվել։ Լայն լսարանին անծանոթ այս շարքը ես որոշեցի շարունակել։ Շարունակությունը մեծ նվագախմբի, մեծ երգչախմբի և մեներգչի համար է։ Դժվար գործ է, որովհետև աղոթել երաժշտությամբ նշանակում է գտնվել ներսում, ինքդ քո մեջ, երբ արտաքին շարժումներ, արտաքին գրգիռներ չկան։ Շատ դժվար է երաժշտության պահանջած կոնտրաստները ապահովել, պետք է անվերջ նույն վիճակում լինես փոքր տարբերություններով։

    «Ռեքվիեմն» իր գործն անում է»
    «Ռեքվիեմի» գաղափարը տասը տարի առաջ էր իմ մեջ հասունացել։ Գերմանիայի Մյունխենի կամերային նվագախումբը (իմ երաժշտությունը հաճախ են նվագում, ձայնագրություններ ենք արել միասին, լավ բարեկամներ ենք) ցանկացավ, որ «Ռեքվիեմ» գրեմ։ Ես սիրով ընդունեցի առաջարկությունը։
    Իմ մտքին միշտ այն էր, որ «Ռեքվիեմը» պետք է լինի բուն լատիներեն  տեքստը։ Նույն լատիներեն տեքստը երգում են տարբեր ազգեր։ Ամեն մեկը երգում է իր բնական երգեցողական արտահայտչականությամբ։ Ամեն տեղ նույն բառերն են, բայց ամեն  տեղ ազգային նկարագիրը կա, ոչ թե արտաքին նկարագիրը, այլ էականը, ամենահիմնավորը։ Այլ է նաև հոգեբանությունը։ Մի բան է, երբ մի երկրի զավակ՝ «Տեր ողորմյա» ասողը, պետություն ունի, բանակ ունի, ուժ ունի, իշխելու կարողություն ունի չորս կողմի վրա, բոլորովին ուրիշ  բան է քո խնդրանքը, երբ հարյուրավոր տարիներ զուրկ ես եղել պետականությունից։
    «Ռեքվիեմը» հնչել է Հարավային Կորեայում, Մեքսիկայում, Լեհաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, ուզում եմ ասել՝ անկախ նրանից՝ այստեղ ինչքան է հնչում, այնտեղ իր կյանքով ապրում է գործը։ Եվ ամեն տեղ նշվում է՝ հարյուրամյակ։ «Ռեքվիեմն» իր գործն անում է։

Գրի առավ՝ Աննա Կարապետյանը