«ՀՈՐՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»․ ՄԱՐԻՆԱ ԴԵԼԼԱԼՅԱՆ

dellalyan-2016
 Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հավերժության ճամփով» խորագրով հուշ-երեկո` նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին: Երեկոն սկսվեց «Հարություն Դելլալյան» (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արթուր Բախտամյան, 2005թ.)  ֆիլմի ցուցադրությամբ, այնուհետև «Դելլալյան» տրիոն կատարեցկոմպոզիտորի ստեղծագործություններից:

Թեև ֆիլմն այս տարիների ընթացքում բազմիցս ցուցադրվել է, ստեղծագործություններ էլ հնչել, ֆիլմ և երաժշտություն ձևաչափով Դելլալյանը հանդիսատեսին ներկայացավ  առաջին անգամ։

«Առիթ էր ծանոթացնելու Հարություն Դելլալյանին ոչ միայն որպես երաժիշտ, այլև  որպես մարդ, քանի որ թե՛ նրա ստեղծագործությունները, թե՛ կյանքը յուրօրինակ են»,- Cultural.am -ի հետ զրույցում ասաց ջութակահար Նարինե Դելլալյանը։

«Դելլալյան» տրիոն ստեղծվել է 1995 թվականին Լիսաբոնում կոմպոզիտորի երկու դուստրերի՝ ջութակահար Նարինե և դաշնակահար Մարինա Դելլալյանների և թավջութակահար Լևոն Մուրադյանի կողմից:  Տրիոն ելույթներ է ունեցել ոչ միայն Պորտուգալիայում, այլև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ երկրներում՝ ներկայացնելով ինչպես Հարություն Դելլալյանի, այնպես էլ հայ երաժշտական մշակույթի այլ անունների ստեղծագործություններ:

harutyun dellalyan Նարինե Դելլալյանի փոխանցմամբ՝  Պորտուգալիայում հայ կոմպոզիտորների գործերի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, ընդունվում ու սիրվում են ունկնդրի կողմից:

 «Հավերժության ճամփով» խորագրով երեկոյի ընթացքում հնչեցին Հարություն Դելլալյանի «Սոնատ», «Սոնատ-Պոեմ» և կոմպոզիտորին համաշխարհային ճանաչում բերած «Նվիրում Կոմիտասին» ստեղծագործությունները։ Տրիոյի անդամներից բացի բեմում էր նաև դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, որը կատարեց «Նվիրում Կոմիտասին» սոնատը։

«Երբ ստեղծագործողը մնում է իր ստեղծագործությունների մեջ, կարելի է ասել, որ նրա ճանապարհը շարունակվում է: Մահը չի կանգնեցնում այդ ամբողջ ընթացքը: Հորս ճանապարհը շարունակվում է, քանի որ ոչ միայն մենք, այլև շատ երաժիշտներ կատարում են նրա ստեղծագործությունները»,- մեզ հետ զրույցում նշեց դաշնակահար Մարինա Դելլալյանը:

Օրերս արտերկրում հայ մշակույթի տարածման համար «Դելլալյան» տրիոն ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է Կոմիտասի շքանշանով։

Աննա Կարապետյան