Հինգ երիտասարդ քանդակագործների «Էմանացիան» կամ մտքի ծնունդը

emanacia-cucahandes
    Լուսավորված քանդակներ` մութ սրահում: Աշոտ Գևորգյանը, Գեղամ Աբրահամյանը, Սարգիս Բաբայանը, Գևորգ Թադևոսյանը և Արգիշտի Հարությունյանը միմյանցից տարբեր, բայց և մեկ խորագրի ներքո կարողացան ներկայացնել  իրենց  քանդակները՝ Նկարիչների միությունում: «Էմանացիա» քանդակագործների բացատրությամբ նշանակում է մթության, խավարի մեջ լուսավոր մտքի ծնունդ, լույսը` որպես բացահայտող, ստեղծագործության ներքին էությունն արտահայտող տարր:  
    «Առանց մտքի, առանց լուսավորության, բնականաբար, շրջապատվում ենք խավարով: Հենց սա ենք շեշտում, որ միտքը նյութի, մեր երևականության, տարիների քրտինքի, դաստիարակության, փորձի շնորհիվ դարձել է ասելիք»,- նշեց քանդակագործ Արգիշտի Հարությունյանը:
emanacia-    Հինգ երիտասարդ քանդակագործները, իրենց 15 քանդակները կողք կողքի ցուցադրելով, փորձեցին յուրաքանչյուրը յուրովի ներկայացնել սեփական միտքը քանդակի միջոցով:
    Երիտասարդ քանդակագործների դասախոս, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն ասաց, որ իրենք մշտապես երազել են կազմակերպել նման ցուցադրություն. մի քիչ մթնեցված դահլիճ, վառ լուսավորված քանդակներ: «Այս կերպ քանդակներն ավելի ակտիվ են ընկալվում: Շեշտը դրվում է հենց քանդակի վրա՝ մի կողմ թողնելով շրջապատում եղածը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ցուցահանդեսը հակագռեհկության, «հակագլամուրային» ցուցահանդես է:
    Քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի փետրվարի 25-ից և կշարունակվի մինչև մարտի 2-ը:
Օվսաննա Սիմոնյան