«ՀԻՄԱ ԿԳԱՄ». ԲԱՑՎԵԼ Է ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

hima-kgam
 Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի թողած ժառանգությանը ծանոթացնելու նպատակով Ալ. Թամանյանի անվան ճարտարապետական ազգային թանգարան–ինստիտուտում ճարտարապետի 90–ամյակին նվիրված «Հիմա կգամ.Ջիմ Թորոսյան և արվեստանոց խորագրով» ցուցահանդես է բացվել։

 «Սկզբում մենք ցանկանում էինք ցուցահանդեսի համար ընտրել «Ծանոթ և անծանոթ Ջիմ Թորոսյանը և արվեստանոցը» խորագիրը, սակայն արխիվներում պատահաբար հայտնաբերեցինք «Հիմա կգամ. Ջ. Թ.» գրությամբ մի թուղթ, որն, ամենայն հավանականությամբ, ճարտարապետը թողել էր ինչ-որ մեկի համար»,- լրագրողներին ասաց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:

 Ճարտարապետ գործընկերների, արվեստագետին քիչ թե շատ ծանոթ անհատների հետ ցուցադրությանը ներկա էր նաև Ջիմ Թորոսյանի դուստրը՝ Անահիտ Փափազյանը, ում կարծիքով, եթե հայրը տեսներ, թե Երևան քաղաքի ճարտարապետությունն ինչ փոփոխություններ է կրել, ապա հավանաբար դառնություն կապրեր։

 «Ինձ որպես քաղաքացի, ոչ թե որպես մասնագետ, Երևանում նոր կառուցվող տարբեր շինություններ դառնություն ենպատճառում, կարծում եմ նույնը կզգար նաև հայրս»,– Cultural.am–ի հետ զրույցում ասաց Ջիմ Թորոսյանի դուստրը՝ Անահիտ Փափազյանը, ավելացնելով, որ հայրն ուրախ կլիներ, որ նրան հիշում են և այն ժառանգությունը, որ թողել է Ջիմ Թորոոսյանը չի մոռացվում փոխանցվում և երիտասարդ սերունդներին։

Ջիմ Թորոսյանը ծնվել է 1926 թվականին: 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954 թվականին Մոսկվայում ավարտել է ԽՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թվականից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թվականից՝ պրոֆեսոր)։ 1962-1964 թթ.՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1989-1990 թթ. Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։ Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964–69), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967), մետրոպոլիտենի «Հանրապետությանհրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետականմրցանակ՝ 1983), ԺԱԹ-ը (1982–85), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980–2004)՝ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների և այլն համակարգով, Զարգացման հայկական բանկը(1995), քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998–2005), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բաց խորանը (2001) և այլն:


Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 20–ը։

Ալինա Նահապետյան