ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ռ. ԳՈՆԵԼԼԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

italakan-patvirakutyun
ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցութան զարգացման գործակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլիի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծման և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների վերապատրաստման նոր ծրագիր սկսելու կապակցությամբ: 

Պատվիրակության կազմում են «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին և Միլանի պոլիտեխնիկի դասախոս Մարիաքրիստինա Ջամբրունոն: Պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արմեն Ամիրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն:

Ա. Ամիրյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը 2011-2014թթ. համատեղ իրականացրած «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի համար: Նախարարը առանձնակի կարևորել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իտալացի մասնագետների փորձը: Կարևոր համարելով ծրագրի իրականացման արդյունքում հուշարձանների վերականգման տարածաշրջանային նոր կենտրոն հիմնելու գաղափարը՝ նախարարը պատվիրակության անդամների հետ քննարկել է կենտրոնի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նախարար Ա. Ամիրյանը «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատիին հանձնել է ՀՀ նախագահի կողմից ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհված բարձր պարգևը` «Մովսես Խորենացի» մեդալը: