«Հետո և ավելի հետո». նոր գիրք ընթերցողի սեղանին

ruzanna_voskanyan_shnorhandes
    «Հայ գիրք» գրախանութը 2013 թվականի գրական հանդիպումների ու շնորհանդեսների շարքն ամփոփեց Ռուզաննա Ոսկանյանի «Հետո և ավելի հետո» գրքի շնորհանդեսով: Դեկտեմբերի 27-ին ջերմ ու անմիջական մթնոլորտում Ռուզաննա Ոսկանյանին ընկերները մաղթեցին նոր ձեռքբերումներ, իսկ գրքին՝ կանաչ ճանապարհ:
    Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը գիրքը համարեց ստացված և մաղթեց, որ այն հենց հաջորդ օրվանից դուրս գա մեծ ճանապարհ, դառնա մարդկանց սեփականությունը, սիրվի, մաշվի մարդկանց ձեռքերում, իսկ հեղինակին մաղթեց, որ անմիջապես մոռանա նրա մասին և գնա առաջ, մտածի գրվելիք գործերի մասին:
arqmenik nikoghosyan shnorhandes    «Հետո և ավելի հետո»-ն բանաստեղծի երկրորդ գիրքն է, և ամփոփում է վերջին տարիներին գրված բանաստեղծությունները: Առաջինը՝ «Թափանցիկ անձրևներ»-ը, լույս է տեսել 2007 թվականին և արժանացել ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:
    Առաջին գրքում իշխողը երազներն էին, մինչդեռ երկրորդ գիրքը կենսական փորձառություն ձեռք բերող մարդու իրականությունն է՝ ավելի առարկայական, ավելի հասուն: Ինչպես բանաստեղծն ինքը ձևակերպեց. «Առաջինը աղջկական էր շատ, վարդագույն աչքերով հեղինակի ծնունդը, ինչպես և շապիկն է հուշում, իսկ երկրորդը կա՛մ սեռ չունի, կա՛մ կանացի է, ցավեցնող իրականության հետքերն էլ կան»:
    Ստորև ձեզ ենք ներկայացնում գրքի առաջաբանը:
    Գիրքը կարող եք գտնել Երևանի գրախանութներում:
    

                                                                            ԱՌԱՋԱԲԱՆ

    Ինչպես մեզ համար բոլոր ճապոնացիները, չինացիները ու անգամ գերմանացիները նման են իրար, այնպես էլ գրականությունից հեռու կանգնած մարդու համար ժամանակակից բոլոր գրողներն են նման իրար, առավել ևս երիտասարդ սերնդի գրողները, իսկ ավելի նեղ խմբի, ասենք՝ «Ցոլքերի» շուրջ համախմբված երիտասարդները լիովին անտարբերակելի են: Ինչպես որ իսկապես բոլոր ճապոնացիները, չինացիները, գերմանացինեը ունեն ընդհանուր մի բան, այնպես էլ նույն սերնդի, նույն գրական խմբի պատկանող երիտասարդները անխուսափելիորեն ունեն ընդհանրություններ, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր անհատական ընդգծված դիմագիծը, միայն իրեն հատուկ լեզվական և պատկերային միջոցները: Եվ որպես երիտասարդական գրականությանը մոտ կանգնած մարդ կարող եմ վստահաբար ասել, որ Ռուզաննա Ոսկանյանն ունի սեփական ինքնատիպ ձեռագիրը և այսօրվա երիտասարդական գրականության մեջ ստեղծել է իր հաստատուն անկյունը: 

Heto ev aveli heto    Սա բանաստեղծի երկրորդ գիրքն է: Այն ինձ համար ընթացք է, և անիմաստ է մտածել, որ ընթացքի մեջ հնարավոր է վերջնական ու ճշգրիտ գնահատական տալ: Ռ. Ոսկանյանի գրական քայլերի ամենասկզբից հետևել եմ նրա ընթացքին, և հետաքրքիր է ինձ համար նրա տեսակը: 
    Առաջին՝ ինձ շատ սիրելի գրքից հետո հետաքրքիր էր՝ ուր է գնալու նա: Տարբեր փուլեր հաջորդեցին առաջին գրքին, որոնումների բավականին երկար շրջան եղավ, որտեղ կային և վերելքներ և անկումներ, երբեմն որոշ ազդեցություններ էին ուժեղանում, երբեմն հաղթահարվում էին դրանք: Ի վերջո այդ ամենը ամբողջացավ «Հետո և ավելի հետո» խորագրի տակ, որտեղ կա և՛ համառություն՝ սեփական գտած ճանապարհը յուրովի զարգացնելու, և՛ ճկունություն` նորոգելու սեփական պատկերային համակարգն ու աշխարհայացքը: 
    Նրա պոեզիան ամենից ավելի աչքի է ընկնում պրոֆեսիոնալ կառույցով, մետաֆորային մտածողությամբ ու պատկերային խտությամբ, ընդգծված ու մի քիչ երգեցիկ ռիթմով, որը ստեղծում է շրջուն շարադասության հաճախակի կիրառության ու ռեֆրենների միջոցով: Պատկերային խաղը, որ նրա բանաստեղծության կառուցման հիմնական ձևն է, ցրում ու նորից հավաքում է ասելիքը, իսկ ասելիքը այս դեպքում հույզերի, ապրումների, տրամադրությունների ուլտրատատանումներն է, որոնք բավականին անձնական են՝ անմիջական լինելու համար և միաժամանակ անձնականից վերացարկված, որ կարողանան հարազատ լինել մեկ ուրիշին:
                                                                                                                                   Հասմիկ Խեչիկյան