Հայոց ցեղասպանությունը կինոյի լեզվով

aylevs-erbeq-project
    «Այլևս երբեք». այս խորագրի ներքո աշխարհի տարբեր երկրներում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի ցուցադրություններ: Թեմային առնչվող լավագույն 30 ֆիլմերն արդեն ընտրվել են: Ֆիլմերի ցանկը ներկայացվում է ամեն երկրի հետ բանակցային գործընթացի մեջ մտնելիս: Յուրաքանչյուր երկրի և փառատոնի համար կազմվում է առանձին թեմատիկ ծրագիր:
    1919 թ.-ին նկարահանված «Հոշոտված Հայաստան» ֆիլմի պահպանված հատվածից մինչև վերջերս հանդիսատեսի դատին ներկայացված «Սպի» ֆիլմը կներկայացվեն արտերկրում: Ֆիլմերը արդեն համալրվում են ենթագրերով: 
    ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով՝  ծրագիրը լավ առիթ էր թեմային առնչվող բոլոր ֆիմերը վերհանելու և վերագնահատելու համար. «Բացի այն, որ ներկայացնում ենք Հայոց ցեղասպանությունը, ներկայացնում ենք մեր կինոարվեստը: Փորձն ու ժամանակը ցույց տվեցին, որ կինոն արվեստի եթե ոչ ամենամատչելի, ապա մատչելի լեզուներից մեկն է:
    2015 թվականը մեզ համար ուղղակի ազդակ է, որպեսզի մենք մեկ անգամ ևս ավելի շեշտված անդրադառնանք այս խնդրին: Հնարավոր է լինեն գրքեր, որոնք կթարգմանվեն 2015-ին, լույս կտեսնեն 2016-ին: Չհամարենք, որ 2015 թվականով հարցը փակվելու է կամ մեր անելիքը վերջանալու է»:
aylevs-erbeq-project-    Փառատոնը, ինչպես ամեն տարի, կկայանա ամռանը, բայց մինչ այդ ևս կկայանան ցուցադրություններ տարբեր երկրներում՝ Բուլղարիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Շվեյցարիայում: 
    «Այլևս երբեք» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ին Բելառուսի պետական համալսարանում, որից հետո 4 օր շարունակ հայկական ֆիլմերը ցուցադրվել են «Միր» կինոթատրոնում :
    Անդրադառնալով Թուրքիայում ֆիլմերի ցուցադրմանը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն ասաց, որ փառատոնի հայ-թուրքական պլատֆորմի շրջանակներում կարող են ֆիլմեր ցուցադրել գործընկեր կազմակերպության Ստամբուլի և Դիարբեքիրի գրասենյակներում, բայց ինչ վերաբերում է Թուրքիայի փառատոներին, հարցը դեռ պարզ չէ. «Ստամբուլի փառատոնի տնօրենը մեզ դեռ անցյալ տարվա վերջում ասաց, որ ուզում են անդրադառնալ Հայոց ցեղասպանության փաստին: Իհարկե, ոչ այն մասշտաբով, ինչ որ մենք ենք ուզում: Ամեն դեպքում հիմա բանակցություններ ենք վարում, որ անպայման Ստամբուլի փառատոնում ֆիլմեր ցուցադրենք»:
    Կինոփառատոնի ծրագրերում արդեն կան «Մենք կանք», «Ճիչ», «Երախտիքի տուրք» և «Այլևս երբեք» խորագիրը կրող ենթածրագրեր: Վերջինը ընդհանրական է, անդրադարձ բոլոր ցեղասպանություններին սկսած Հոլոքոստից մինչև Ուգանդա, Սուդան, Կամբոջա:
    «Այլևս երբեք» ֆիլմերի ցուցադրությոնների ծրագիրը իրականացնում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ հա​մա​գոր​ծակցությամբ:
Աննա Կարապետյան