ՀԱՅԵՐԵՆՈՎ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԻՐՋԻՆԻԱ ՎՈՒԼՖԻ «ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐՈՎ ՏՈՒՆԸ»

woolf-urvakannerov-tun
 20-րդ դարի մոդեռնիստական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Վիրջինիա Վուլֆի  «Ուրվականներով տունը» պատմվածաշարը «Դարակ» հրատարակչության շնորհիվ այսուհետ հայ ընթերցողներին հասանելի կլինի հայերեն թարգմանությամբ։
 
«Այս թարգմանությունն իմ կարծիքով կարևոր է պրակտիկ իմաստով, քանի որ հստակ տեսանելի է, թե ինչպես է Վուլֆն աշխատել մտքերի տարերային հաջորդականության հետ՝ դրանք ներկայացնելով ոչ թե որպես սեփական, այլ որպես   կերպարի։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ, որ թե գրողներին, թե ընթերցողներին հետաքրքիր կլինի գիրքն ընթերցել»,-  Cultural.am-ին ասաց պատմվածաշարի հայերեն թարգմանության համախմբագիր Թագուհի Ղազարյանը։ 

Բանաստեղծ Վահե Արսենը դրական միտում է համարում այն, որ «Ուրվականներով տունը» գրքի թարգմանության միջոցով հայ ընթերցողների համար բացահայտվում է Վուլֆի կողմից առաջարկվող գիտակցության նոր տեսակը։

 «Յուրաքանչյուր թարգմանություն՝ լինի լավ կամ վատ, հասարակության գիտակցության մեջ ինչ-որ բան փոխում է։ Կլինեն մարդիկ, որոնք պատրաստ են ընկալել Վիրջինիա Վուլֆին, կան նաև այնպիսիք, որ այդպես էլ չեն կարողանա։ Ամեն դեպքում պետք է նշեմ, որ ներուժը կա, բայց հիմնական էֆֆեկտը, շարժումն ավելի մակերեսային է, ոչ խորքային»,-  ասաց բանաստեղծ Վահե Արսենը։

Ադելին Վիրջինիա Վուլֆի (1882-1941) գրական նորամուտը նշանավորվեց 1915թ.-ին տպագրված «Հեռացում ծովով» վեպով, որը սկիզբ դրեց ֆեմինիստական գրականության ամենահայտնի հեղինակներից մեկի գրական ճամփորդությանը: Վուլֆն իր ներկայությամբ նոր էջ բացեց ֆեմինիստական գրականության մեջ՝ իր վեպերի առանցքում դնելով կանանց, վարպետորեն ստեղծելով նրանց ներաշխարհն ու էությունը բացահայտող խորքային կերպարներ և այդպիսով փոխելով կանանց կողմից գրված գրականության հանդեպ վերաբերմունքը:
Վիրջինիա Վուլֆի «Ուրվականներով տունը» պատմվածաշարն առաջին անգամ որպես ամբողջություն տպագրվել է հեղինակի մահից գրեթե երեք տարի հետո` ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Լեոնարդ Վուլֆը «Ուրվականներով տունը» ժողովածուի առաջաբանում նշում է, որ պատմվածքների այս ժողովածուի կառուցվածքը համապատասխանում է հեղինակի ցանկությանը, և որ այդ մասին քննարկել է հեղինակի հետ:

Ալինա Նահապետյան