Հայաստանյան մասնակիցը` ֆոլկլորի աշխարհի չեմպիոն

Karen Zohrabyan

Հայաստանյան մասնակիցը ֆոլկլորի աշխարհի չեմպիոն է ճանաչվել: Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած «WORLD FOLK 2012» Ֆոլկլորի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր մենակատար Կարեն Զոհրաբյանը` դաշնակահար Աննա Խաչատուրյանի նվագակցությամբ: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնեց Կարենը, առաջնությանը մասնակցում էին շուրջ 100 կատարողներ, ընդ որում, բոլոր մասնակից երկրները, ի տարբերություն Հայաստանի, հանդես էին գալիս մեծաքանակ պատվիրակություններով:

Առաջնությունը տեղի է ունեցել երկու փուլով, որոնցից առաջինում Կարեն Զոհրաբյանը կատարել է «Առանց Մասիս», «Էրեբունի-Երևան» և «Ուռին» ստեղծագործությունները, որոնց համար արժանացել է դիպլոմների` հաջող մասնակցության և բարձր արտիստիզմի համար: Երկրորդ փուլում հայ մասնակիցը կատարել է «Սիրո ամառ», «Հայաստան» և «Ծիրանավառ գիշերներ» ստեղծագործությունները և ստացել «Ոսկե Օրփեոս» մրցանակ և ոսկե մեդալ, ինչպես նաև դափնեկրի դիպլոմ:

Գալա-համերգին Կարեն Զոհրաբյանը Աննա Խաչատուրյանի նվագակցությամբ ներկայացրել է իսպանական «Լա Սպանյոլա Բոլերո» ստեղծագործությունը, արժանացել «Discovery» (Հայտնություն) դիպլոմին և ճանաչվել աշխարհի չեմպիոն:

Lրագրողների այն հարցին, թե ինչու նա չի ներկայացել ժողովրդական երգերով, Կարեն Զոհրաբյանը պատասխանել է. «Ես ուզում էի հանդես գալ ակադեմիական երգեցողությամբ, ուստի գերապատվությունս տվեցի ժամանակակից էստրադային հայկական ստեղծագործություններին»:

Աննա Խաչատուրյանը նշեց, որ Կարեն Զոհրաբյանի հետ համագործակցում են արդեն երկու տարի` սկսած 2010թ. նոյեմբերից: «Ես կարծում եմ, որ ժյուրիին գրավեց մեղեդին և Կարենի գեղեցիկ ձայնը»,- նշեց նա: