ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

7099
    Այսօր երեկոյան Նյու Յորքում կբացվի «ԲուքԷքսպո Ամերիկան», որը հյուսիսամերիկյան մայրցամաքի խոշորագույն ցուցահանդես է, գրքի միջազգային տոնավաճառ:
      Առաջին անգամ առանձին տաղավարով ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված կլինի նաև Հայաստանը: 250 անուն գիրք կներկայացվի օտարազգի գրողներին ու հրատարակիչներին: Ընտրվել են հիմնականում օտարալեզու, արտերկրում հրատարակված գրքեր: Նախապատվությունը տրվել է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված գրքերին:
       «Բուքէքսպո Ամերիկայի» շրջանակներում տեղի կունենան նաև գրքերի շնորհանդեսներ: Յոթ ամերիկաբնակ հեղինակներ կներկայացնեն իրենց գրքերն ու նախագծերը: Կկայանան «Ոչ մի տեղ. աքսորի մի պատմություն» (Աննա Աստվածատուրյան Թըրքոտ), «Ողջ լույսը, որ այնտեղ կար» (Նենսի Կրիկորյան), «Սրբազան արդարադատություն» (Մարիան Մեսրոպյան ՄաքՔարդի), «Պատմական Հայաստան. 100 տարի անց»  (Մեթյու Քարանյան), «Հայկական սփյուռ նախագիծ» (Սկաուտ Թուֆանկջյան), «Լիբերտո անապատի համար» (Սոնա Վան), «Ինչպես ջուրը քարին»  (Դանա Ուոլրըթ) գրքերի շնորհանդեսները:
       Դանա Ուոլրըթը վերջերս Հայաստան էր ժամանել «Գրական տապան» միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար: Այս գրական փառատոնը մինչ օրս Հայաստան է բերել 38 երկրի 90 գրողների:
DSC07084    «Ցուցահանդես-տոնավաճառը լավ առիթ է հայ գրականությունը օտարազգի գրողներին և հրատարակիչներին ներկայացնելու, ինչպես նաև աշխարհի գրական գործընթացներին ծանոթանալու համար»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
   Վերջինս օտարազգի հեղինակներից հատկապես կարևոր է համարում բրիտանացի իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերին» գրքի տպագրությունը:
    Նոր գրքերից «Ավազե ամրոցի աղջիկները», «Ժանդարմը», դասականներից «Մայրիկ», «Մուսա լեռան 40 օրը» նախարարի տեղակալի կարծիքով արժանի են ներկայացվելու օտարազգի ընթերցողին:
    Տեր-Վարդանյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են թարգմանել նաև Խ. Դաշտենցի, Մ. Գալշոյանի ստեղծագործությունները, մեծ հետաքրքրություն կա նաև Զապել Եսայանի գործերի հանդեպ:
    «Բելգիայի տարբեր հրատարակչություններ արդեն թուրքերենով հրատարակել են Մուշեղ Գալշոյանի, Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները: Սրա նպատակը, թեկուզ միջնորդավորված, բայց երկխոսություն ստեղծելն է»,-ասաց Ներսես Տեր-Վարդանյանը:
    Տարվա առաջին կեսում Հայաստանն արդեն հասցրել է մասնակցել գրքի միջազգային 8 ցուցահանդես-տոնավաճառի (Մինսկ, Փարիզ, Ալմաթի, Լոնդոն, Թեհրան, Սալոնիկ, Վարշավա, Նյու-Յորք), մինչդեռ ողջ անցյալ տարվա ընթացքում մասնակցել էինք 6 ցուցահանդես-տոնավաճառի:
      Այս տարի Հայաստանը մասնակցում է գրքի միջազգային ցուցահանդեսներին ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Աննա Կարապետյան