ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է «ՔՐՈՆՈՍ» ՔԱՌՅԱԿԸ

Kronos-qaryak
   «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում է «Քրոնոս» քառյակը: Հայաստան է ժամանել նաև ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Կույումճյանը, որի «Լուռ կռունկներ» ստեղծագործությունը` նվիրված Հայոց ցեղասպանությանը, կհնչի ապրիլի 29-ին «Քրոնոսի» կատարմամբ: 
    Խումբն արդեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ:
   «Հայոց ցեղասպանության թանգարանում ապրեցի կյանքիս մեջ երբևէ ունեցած ամենահուզիչ զգացումները: Այնքան նուրբ ձևով է հիշատակվում կորուստը, որ խորապես ազդված եմ: Մենք հուզված ենք, որ վաղվա համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  իր խոսքում  նշեց «Քրոնոս» լարային քառյակի հիմնադիր, առաջին ջութակ Դեյվիդ Հարինգթոնը: Նա տպավորված էր Եղեռնի հուշահամալիրում հանդիպելով բազմաթիվ դպրոցականների:
365   Մարի Կույումճյանի համար մեծ պատասխանատվություն է Հայոց ցեղասպանությանը նվիրված գործ ստեղծելը: «Ես մշտապես պատասխանատվություն եմ զգում խոսելու և տեղեկացնելու Ցեղասպանության մասին»,- ասաց նա: Նա վերջին անգամ Հայաստանում 3 տարի առաջ է եղել և հուզված է, որ իր գործը հնչելու է այստեղ: 
    Դեյվիդ Հարինգթոնը տեղեկացրեց, որ Մարի Կույումճյանին ընտրել են նախ որպես տաղանդավոր կոմպոզիտոր: «Իսկ հետո, իմանալով, որ հայ է, հենց նրան պատվիրեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր ստեղծագործություն գրել»,- ասաց նա: 
    Սա «Քրոնոս»-ի առաջին այցը չէ Հայաստան: Մոտ 3-4 տարի առաջ է խումբն առաջին անգամ համերգ տվել Հայաստանում:
   Խմբի մյուս անդամներից Հենք Դաթը նշեց, որ փոփոխություններ է տեսնում Հայաստանում ճանապարհների, մեքենաների ոճի, արտաքին ձևավորման մեջ, սակայն կան բաներ, որ չեն փոխվել. «Դրանք են` հայերի ջերմությունը, հյուրասիրությունը և կերակուրները»:
    Փառատոնի նախագահ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ ուրախ են «Երևանյան հեռանկարների» շրջանակում աշխարհահռչակ «Քրոնոսին» հյուրընկալելու Հայաստանում: 
    Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին՝ ժամը 19:30, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Քրոնոս» քառյակի համերգը
                                                                                                                            Անի Հակոբյան