Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Իտալիայում կմասնակցի դասական երաժշտության միջազգային փառատոնի

d-

   Օգոստոսի 25-30-ը Իտալիայում կկայանա «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնը, որին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի շրջանակում նվագախումբը 4 համերգով հանդես կգա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

   Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութահակար Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա):

   Ի թիվս հրավիրյալ խմբերի և մենակատարների հանդես կգան նաև համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլով, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք:

   Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ և երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ:

   Նվագախումբը մասնակցել է մի շարք միջազգային կարևոր փառատոների Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր: Այդ փառատոների ընթքացքում նվագախմբի հետ ելույթներ են ունեցել միջազգային  հեղինակություն վալելող տասնյակ արտիստներ, ինչպիսիք են` Ջյուն Անդերսենը (սոպրանո), Ագնես Բալցան (սոպրանո), Քիմ Քաշքաշյանը (ալտ), Կարլ Դեվիսը (դիրիժոր) և այլք:

   1989 թվականից մինչ օրս նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Անգլիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում՝ ձեռք բերելով լայն ճանաչում ու համբավ:

   Մասնակցությունը «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին հնարավորություն կընձեռի լավագույնս ներկայացնելու Հայաստանի մշակույթը և հայ կատարողական արվեստը միջազգային երաժշտասեր հանրությանը: