ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է

eritasardakan-nvagakhumb-10
  Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար տոնական օր է, այս տարի՝ նաև հոբելյանական։ Ուղիղ տասը տարի առաջ այս օրն է կայացել նվագախմբի առաջին համերգը։
    «Հիշում եմ ամեն համերգն ու ելույթը և մեր հուզմունքը, երբ սպասում էինք առաջին ծափահարություններին»,- անկեղծանում է նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
    Սմբատյանի խոսքով՝ կարևորը երաժշտության հանդեպ անսահման սերն է և երազանքին հավատալը:
    Այսօր Սերգեյ Սմբատյանի և երաժիշտների երազած նվագախումբն արդեն իրականություն է։ Տոնին և հոբելյանական համերգին ներկա գտնվելու համար Հայաստան է ժամանել նաև աշխարհահռչակ դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։
     «Մի քանի անգամ ներկայացել եմ նվագախմբի հետ և պիտի ասեմ, որ ամեն անգամ աճ է նկատվում։ Հաճելի է երիտասարդ երաժիշտների հետ շփվելը, աշխատելը։ Ելույթ եմ ունեցել շատ ու շատ կայացած երաժիշտների հետ։ Հիմա, երբ գիտեմ, որ արել եմ այն ամենն, ինչ կարող էի անել, ուզում եմ մնացած ժամանակս երիտասարդներին նվիրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պենդերեցկին։
    Ֆրանսիական «+7 Art Film Media» ընկերությունը տասնամյակի առիթով ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գործունեության մասին։ Ֆիլմը կոչվում է «Նվագախմբի ձայնը»։ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերային ներկա էին նաև ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Միտրոշինը և պրոդյուսեր Եկատերինա Լագաշը։
    Անդրեյ Միտրոշինը նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես ինքն է ասում՝ ֆիլմ-դիմանկարներ։ «Նվագախմբի ձայնը» ռեժիսորի երկրորդ անդրադարձն է դասական երաժշտությանը։ Մալթայում նկարահանել է երիտասարդ տաղանդների մասին պատմող ֆիլմ։ Մինչ այդ զբաղվել է  ռոք երաժշտության մասին տեսանյութեր նկարելով։
    Սերգեյ Սմբատյանի հետ ծանոթացել է Եկատերինա Լագաշի միջոցով։ Լագաշին Սերգեյի և նվագախմբի մասին պատմել է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
  «Առաջին անգամ Սերգեյին Մոսկվայում եմ հանդիպել։ Այնպիսի ոգևորությամբ, հպարտությամբ ու սիրով էր պատմում նվագախմբի մասին, որ միանգամից գրավեց մեր ուշադրությունը, հետաքրքրեց»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Միտրոշինը։
    Միտրոշինն առաջին անգամ Հայաստան է այցելել նկարահանումների առիթով։ Երևանում և Գեղարդում արված նկարահանումներն ավարտել են երեք օրում․ «Սիրահարված էինք Հայաստանին։ Հասկացանք, որ ինչ էլ ներկայացնենք, քիչ է լինելու․ամեն զրույցի հետ նոր խորություններ էին բացվում»։
    Ֆիլմի պրոդյուսեր Եկատերինա Լագաշը մեզ հետ զրույցում նշեց, որ «Նվագախմբի ձայնը» ներկայացնելու են այն բոլոր փառատոներին, որոնք հետաքրքրված են գեղարվեստա-վավերագրական ժանրի ֆիլմերով․պարտադիր չէ, որ ֆիլմն ընդգրկվի այդ փառատոների մրցութային ծրագրում։
      Լագաշի խոսքով՝ ֆիլմը սիրո խոստովանություն է Հայաստանին երաժշտության միջոցով։
    Ֆիլմում նվագախմբի մասին պատմում են ինչպես գլխավոր դիրիժորն ու երաժիշտները, այնպես էլ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը, Յուրի Դավթյանը, Վլադիմիր Սպիվակովը, Քշիշտոֆ Պենդերեցկին և Ջանլուկա Մարչիանոն։
    Արամ Խաչատրյան համերգասրահում օրն ավարտվեց հոբելյանական համերգով։ Համերգը ղեկավարեցին Քշիշտոֆ Պենդերեցկին և Սերգեյ Սմբատյանը։ Հնչեցին Մոցարտի, Ռախմանինովի, Չայկովկսկու, Շչեդրինի, Պիացոլլայի, Պիովանիի, Պենդերեցկու, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։
   Համերգի մենակատարներն էին ջութակահարներ Յուկա Ցուբոյը, Հայկ Կազազյանը, թավջութակահարներ Աստղիկ Սիրանոսյանը, Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։
Աննա Կարապետյան