Հայաստանի և սփյուռքի լրագրողները՝ Հայոց ցեղասպանության հիմնահարցերի վերաբերյալ ամառային դպրոցում

amarayin dproc

   Հուլիսի 11-12-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում  կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար: Դպրոցը կրում էր «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը»  խորագիրը: Ամառային դպրոցի դասախոսներն էին  թանգարան-ինստիտուտի տնօրեն,  պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

   Դասախոսները և մասնակից լրագրողները քննարկեցին Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման հետ կապված խնդիրները, առկա բացթողումները, թեմայի լուսաբանման առանձնահատկությունները: Համեմատականներ տարվեցին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև: Կայացավ նաև «Հոգիների աճուրդ» ֆիլմի պահպանված հատվածի դիտում-քննարկում:

   «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը»  դպրոցին մասնակցում էին լրագրողներ  Հայաստանից  և սփյուռքից:

   Դալար Շահնազարյանը 21 տարեկան է: Արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է «Ալիք» օրաթերթի amarayin dproc 1երիտասարդական բաժնում` ինտերնետային «Հայելի» կայքէջում: Մանկուց ստեղծագործել է, հետո սկսել է հետաքրքրվել նաև լրագրությամբ: Այժմ Դալարը և՛  սովորում է, և՛ աշխատում: Թեհրանի Ազատ համալսարանի  «Արդյունաբերության ճարտարագիտություն» բաժնի ուսանողուհի է: Լուսաբանում է հիմնականում  Թեհրանի  իրանահայ համայնքի խնդիրները, համայնքի հայ երիտասարդների  մշակութային, մարզական  և այլ հաջողությունները. «Մեր համայնքում  էլ ունենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հանձնախումբ, որը  համակարգում է տարելիցի ծրագրերը: Հանձնախմբի հետ ունեցել ենք հանդիպումներ, բացատրել են իրենց հետագա ծրագրերը, մենք էլ դրանք ռեպորտաժների տեսքով ներկայացրել  ենք  համայնքին»:

   Ցեղասպանության թեման Դալարին ավելի հոգեհարազատ է դարձել անցյալ տարի Արևմտյան Հայաստան կատարած այցելությունից հետո. «Տեսա, որ հայեր կան, որ դեռ ապրում են այնտեղ, շփվեցի համշենահայության հետ, հայեր, որ տարիներ ի վեր ապրել են, չնայած իրենց կրոնն է փոխվել, հետաքրքիր էր, որ  նրանք ընդունում են, որ իրենք հայեր են: Շատ ազդվեցի: Չեմ կարողանա  պատմել այն,  ինչ զգացել եմ»:

   Հայաստանում Դալարը հաճախ է լինում, գրեթե ամեն տարի: Այստեղ բարեկամներ ունի: Ինքն էլ ապագայում մտադիր է գալ և ապրել հայրենիքում: Այս տարի Հայաստան է եկել  Նարե Սահակյանի հետ, suren manukyanով նույնպես աշխատում է «Ալիք»-ի երիտասարդական բաժնում:

  
Cultural.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նմանատիպ դասընթացներ  անել տարբեր խմբերի հետ. «Հաջորդը, որ պլանավորված է հուլիսի վերջին, լինելու է  դասընթաց ուսուցիչների համար` «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման»: Կփորձենք բացատրել` ինչ մեթոդիկայով, ինչ նյութերի հիման վրա կարելի է դա անել ավելի հեշտ, ավելի գրավիչ և աշակերտի համար ավելի օգտակար»:

   Դասընթացի ժամանակ առաջարկ եղավ, որ նման դպրոց կազմակերպվի նաև   մշակույթի ներկայացուցիչների համար: Փոխտնօրենը վստահեցրեց, որ իրենք կմտածեն  նաև այդ ուղղությամբ:

Սուրեն Մանուկյանի խոսքերով՝ դասընթացը գործընթաց է լինելու, ոչ թե մի անգամվա իրադարձություն. «Պարբերաբար, գոնե տարին մեկ անգամ կկազմակերպենք, կարծում եմ` կա և՛ փոխադարձ շփման, և՛ փոխհարստացման կարիք»:amarayin dproc

Իսկ մեր այն հարցին, թե ինչու առաջին թիրախը հենց լրագրողներն ու ուսուցիչներն են, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ժամանակակից տեղեկատվական աշխարհում ամենամեծ ազդեցությունը հասարակության վրա ունեն լրագրողները, ինչպես նաև ուսուցիչները: Այս երկու խմբերն են, որ ձևավորում են հանրային կարծիք, դրա համար ճիշտ գտանք սկսել հենց իրենցից»:

   Հիշեցնենք, որ  «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը»   ամառային դպրոցը կազմակերպվել էր «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում:

 

                                                                                                       Աննա Կարապետյան