ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ԿԻՆՈՊԼԱՏՖՈՐՄ

kinoplatform
    «Ոսկե Ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը։
    Կինոպլատֆորմին մասնակցելու համար ստացված 24 հայտերից ընտրվել է 10-ը (5-ական` ԹուրքիայիցևՀայաստանից): Նախագծի ժյուրիում ընդգրկված են արվեստի գործիչներ, ինչպես Հայաստանից և Թուրքիայից, այնպես էլ արտերկրից։ Հատուկ հյուր և ժյուրիի անդամ է արվեստի միջազգային համադրող և անկախ կինոպրոդյուսեր Ադելինա Ֆոն Ֆյուրստենբերգը (Շվեյցարիա )։
    «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ով ընդգրկված է կինոպլատֆորմի ժյուրիի կազմում նշեց, որ ֆիլմերը մեծամասամբ անդրադառնում են հայ-թուրքական հարաբերություններին և հատկապես շատ են Հայոց ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմերը։
    «Կինոպլատֆորմի միտքը ծագել է թուրք ռեժիսորների մոտ։ Մեր առաջին հանդիպումները հետաքրքիր էին, նստում էինք մի սեղանի շուրջ ու չգիտեինք՝ ինչպես խոսել միմյանց հետ, ինչի մասին խոսել, բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, թե՞ ոչ։ Երկրորդ օրվանից հասկացանք, որ մշակույթն իսկապես այն հարթակն է, որը թույլ է տալիս խոսել ամեն ինչի մասին, բացահայտել բարդ ու կնճռոտ խնդիրներ»,-նշեց նա։
    Ռեժիսոր Րաֆֆի Նիզիբլյանը արդեն տասներկու տարի է, ինչ Կանադայից տեղափոխվել է Հայաստան։ Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է։ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին ներկայացնելու է իր «Ես Նիզիբից եմ» վավերագրական ֆիլմի նախագիծը, որը  ռեժիսորի ճամփորդությունն է դեպի Նիզիբ՝ դեպի արմատներ։
412    «Արդեն երկու տարի է, որ ես ու եղբայրս մտածում ենք՝ լավ կլիներ գնայինք, տեսնեինք Նիզիբը, որն Այնթափի փոքր քաղաքներից է, կարելի է ասել՝ գյուղաքաղաք։ Նկարահանումները սկսել եմ ինքս ինձ համար, հետաքրքիր էր։ Մի քարը մյուսի վրա դնելով՝ հասկացա, որ այն կարող է նաև ֆիլմի նախագիծ լինել։ Ֆիլմն անձնական պատմություն է, բայց այն կարելի է ընկալել նաև հայի ինքնության, հայ-թուրքական հարաբերությունների, ապագա քայլերի ուղղություններով»,-ասում է ռեժիսորը։
     «Ես Նիզիբից եմ»-ը դեռ արտադրական պրոցեսի մեջ է։ Հեղինակը մտադիր է եկող տարի այն ներկայացնել տարբեր կինոփառատոների։ Նիզիբլյանի կարծիքով կարևոր է, որ շփման հարթակներ լինեն հայերի և թուրքերի միջև․«Երբ հարցազրույցներ էի վերցնում վավերագրական ֆիլմիս համար, բոլոր թուրքերին հարցնում էի՝ քանի հայի հետ եք հանդիպելու կամ շփվելու առիթ ունեցել։ Նրանք պատասխանում էին, որ ես եմ առաջինը»։
    Մարինե և Սոնա Քոչարյանները միասին են որոշել իրականացնել արդեն երկրորդ կինոնախագիծը։ Առաջինը «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմն էր, որի համաշխարհային պրեմիերան կայացել է անցյալ տարի Տորոնտոյում։ Հեղինակների խոսքով այժմ ֆիլմը փառատոնային փուլում է։
     «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզը)» ֆիլմը ներկայացված է նաև այս տարվա «Ոսկե Ծիրանի» «Հայկական համայնապատկեր» անվանակարգում։ Ֆիլմն անդրադարձ է Հայաստան - Վրաստան սահմանին, մասնավորապես՝ Լոռու հատվածին։
413    «Թեման վիճելի է, բայց մենք ընտրել ենք խնդիրը չտեղայնացնելու և սահմանների մասին գլոբալ խոսելու ճանապարհը։ Հերոսուհին 12-ամյա Լուսինեն է, ով ապրում է Ջիլիզա գյուղում։ Այդտեղի բոլոր գյուղերն էլ հայաբնակ են և մասնատված․ բարեկամներն իրար չեն կարողանում հանդիպել, թեև հեռավորությունը շատ քիչ է։ Ստիպված են հարյուր կմ անցնել, որ անցակետով գնան։ Լուսինեն էլ երազում է եղբոր հետ  ճամփորդել ու տեսնել բարեկամներին։
Երեխաների միջոցով ենք փորձել խնդրին անդրադառնալ, որպեսզի այն ավելի չծանրացնենք։ Մոտեցել ենք ավելի շատ հումորով, սարկազմով, մի քիչ էլ աբսուրդայնությամբ»,-մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Մարինե Քոչարյանը։
     Նոր կինոնախագիծը` «Մուրատը», Թուրքիայում բնակվող մի երիտասարդի պատմություն է։
    «Բոլորս գիտենք որ Մուրատը Թուրքիայում տարածված անուն է։ Նրա հայրը հատուկ է ընտրել այդ անունը, որ որդին Ստամբուլում ապրելով խնդիրներ չունենա։ Ճիշտ է՝ Մուրատը ապրում և աշխատում է Թուրքիայում, բայց ընկերներից էլ թաքցնում է իր հայ լինելը, վախենալով է ապրում։ Ֆիլմը Մուրատի երկկողմանի կյանքի մասին է։ Փորձել ենք բարձրացնել հայի ինքնության խնդիրը»,-ասում է Մարինե Քոչարյանը։
   Այս և մյուս նախագծերը երկօրյա աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն ժյուրիի անդամներին։Կկայանան նաև մասնագիտական դասընթացներ և հանդիպումներ։ Ժյուրիի որոշմամբ տասը  նախագծերիցմեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ 10 000 ԱՄՆդոլարի չափով:

    Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությանը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ Հայաստանից և Թուրքիայից: Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի German Marshall Fund նախագիծ The Black Sea Trust-ի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից:
Աննա Կարապետյան