«Գրական տապան». Հայաստան կայցելի 15 գրող՝ աշխարհի 11 երկրից

grakantapan14
Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանը կվերածվի միջազգային գրականության յուրօրինակ հարթակի: «Գրական տապան» ամենամյա փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն գրողներ՝ աշխարհի 11 երկրներից: Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ:
 
Այս տարի «Գրական տապանի» մասնակիցները կուղևորվեն նաև Արցախ, ուր ևս նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ: Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը:  Կոմիտաս Վարդապետի  ծննդյան օրը համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Գրական տապանը» անակնկալներ է պատրաստել հայ ընթերցողների համար: Փառատոնի այս տարվա առանցքային հյուրերից են լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին և բրիտանացի Մեգ Ռոսոֆը: Փառատոնի շրջանակներում Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա հանդիպում բրիտանացի հանրաճահայտ գրող Մեգ Ռոսոֆի հետ, որի ընթացքում կցուցադրվի նաև նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ինչպես եմ ապրում հիմա» ֆիլմը: Փառատոնի հաջորդ առանցքային միջոցառումը Յանուշ Լեոն Վիշնևսկու «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:
 
Ի դեպ, այս գրքի հրատարակման բացառիկությունն այն է, որ հայ ընթերցողն առաջին անգամ է հնարավորություն ունենում Վիշնևսկու գրականությունն ընթերցելու հայերենով` բնագրից արված թարգմանությամբ: