Հայ-իտալական միջպետական ծրագիր

nkar2
    Արդեն մի քանի տարի է հայ-իտալական միջպետական ծրագրի շրջանակներում պարբերաբար Հայաստան են ժամանում իտալացի ճարտարապետ-վերականգնողներ՝ այստեղ իրականացնելով ինչպես դասընթացներ հայ մասնագետների համար և այնպես էլ տարբեր վերականգնողական աշխատանքներ:
    Ծրագրերն իրականացվում են համաձայն ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թվականին ստորագրված «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում» տեխնիկական համաձայնագրի:  Իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկական համալսարանի կողմից:
   Համառոտ ներկայացնենք համաձայնագրով նախատեսված գործողությունների ծրագիրը և իրականացված աշխատանքները:
    1. Համալսարանական կրթություն` ուղղված ճարտարապետ- վերականգնողների /«Նախագծում ճարտարապետական վերականգնման ոլորտում»/, ինչպես նաև շինհրապարակի աշխղեկների վերապատրաստմանը:
    Երևանի ճարտարապետության և շինարարության  պետական համալսարանում 2011 թվականից անց են կացվում  վարպետության երկամյա և միամյա դասընթացներ: Ընդհանուր առմամբ դասընթացների շրջանակում վերապատրաստվում է 56 ուսանող, որոնցից մի մասը ուսումնական ուղևորություն է կատարել Իտալիայում: Դասընթացները մեծամասամբ վարում են Միլանի պոլիտեխնիկական, ինչպես նաև Ֆլորենցիայի պետական, Բերգամոյի, Էննայի, Պավիայի համալսարանների դասախոսները: Ծրագրի մեկնարկից մինչ օրս Հայսատան են ժամանել իտալացի 29 դասախոս: Հայկական կողմից ծրագրին համագործակցում են ԵՃՇՊՀ դասախոսներ:

    Դասընթացի ավարտին ուսանողները կստանան ԵՃՇՊՀ-ի և Միլանի Պոլիտեխնիկի կողմից ճանաչված դիպլոմ:
nkar 3 mkar 4
    2. Որմնանկարի վերականգնման մասնագետների պատրաստում  և «Էրեբունի» արգելոց-թանգարանում որմնանկարների վերականգնման կենտրոնի ստեղծում: 
    Ծրագրի շրջանակում 2012 թվականին իրականացվել են «Որմնանկարների վերականգնում և պահպանում» թեմայով դասընթացներ` տեսական և գործնական մասերով: Դասընթացի առաջին փուլն անց է կացվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, որտեղ ստեղծվել է լաբորատորիա: Դասախոսությամբ հանդես են եկել Աննա Լուկկինին, Էլիզաբետտա Կաննան: Գործնական փուլում ուսանողները «Պալացցո Սպինելի» արվեստի և վերականգնման ինստիտուտի վերականգնող-մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինիի ղեկավարությամբ մասնակցել են Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման վերջին փուլի աշխտանքներին:
    2013 թվականի ամռանն անց է կացվել նշված խորագրով դասընթացի երկրորդ փուլը: Արուճի տաճարում ուսանողներն Աննա Լուկկինիի, Էլիզաբետտա Կաննայի և Ս. Կարեչչիայի մասնագիտական ղեկավարությամբ կատարել են  որմնանկարի մաքրման աշխատանքներ: Որմնանկարից փոքր չափսերի փորձանմուշներ են վերցվել Իտալիայում լաբորատոր հետազոտություն կատարելու նպատակով: Դասընթացի մի մասն անց է կացվել ՀՀ Լոռու մարզի «Քոբայր»  վանական համալիրում, որտեղ ևս ուսանողները մասնագիտական հմտություն ձեռք բերեցին  Այս դասընթացի շրջանակում վերապատրաստվել է 34 ուսանող:
    3. Հնագիտական դասընթացներ՝ «Հնագիտությունը և բազմառարկայական մոտեցումները: Հնագիտական ժառանգության և բնապատկերի արժևորում, պահպանում, տեսություն և պրակտիկա» խորագրով:
    Դասընթացն անց է կացվել երկու փուլով: 2013 թվականին դասընթացի շրջանակում Արուճի վանական համալիրում կատարվել են հնագիտական պեղումներ: Ուսանողները ծանոթացել են պեղման մեթոդներին` գործնականում կիրառելով դրանք: Դասընթացին ընդհանուր առմամբ մասնակցել է 43 ուսանող:
nkar 5
    4. Թանգարանագիտություն և թանգարանային ցուցադրության դասընթացներ
    2012թ. հոկտեմբերի 4-9-ը Երևանում անց են կացվել ուսուցողական դասընթացներ` «Թանգարանագիտություն և թանգարանային ցուցադրություն» թեմայով: Դասընթացի կազմակերպիչը Միլանի Պոլիտեխնիկական ինստիտուտն էր, դասերը վարել է Ֆուլվիա Պրեմոլին:                                                                                                             
    Նպատակն էր Հայաստանի թանգարանային ոլորտի մասնագետներին (23 մասնակից) օգնել ստանալու հիմնարար գիտելիքներ` թանգարանային գործում արդի մոտեցումների և թանգարանների կառավարման նոր մեթոդների վերաբերյալ: Դասընթացն անդրադարձել է ժամանակակից թանգարանների պրոֆիլին, կառուցվածքին, ցուցադրության կազմակերպման և մեկնաբանման արդի եղանակներին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը թանգարաններում, ինչպես նաև  LIGHT DESIGN-ի չափանիշներին:  
   nkar 7   5. Քարե նյութերի վերականգնման դասընթաց 
    Ծրագրի շրջանակում անց է կացվել քարե նյութերի վերականգնմանը նվիրված երկու դասընթաց: Առաջին մասն անց է կացվել Արուճի համալիրում (2013 թվականի հուլիսի 14-ից 21) իտալացի մասնագետ Ստեֆանո Վոլտայի գլխավորությամբ: Նպատակն էր ուսանող–վարպետներին (ընդհանուրը` 18) հաղորդել գիտելիքներ վերականգնման համար կիրառվող շաղախի պատրաստման, մշակման, ինչպես նաև քարե կառուցվածքների մաքրման, ամրակայման և պահպանման տեխնիկաների վերաբերյալ:
    6. Խեցեղենի, հնագիտական գտածոների և մետաղյա արտեֆակտների մաքրման և վերականգնման աշխատանքներին նվիրված դասընթացներ
    Նշված դասընթացներն անց են կացվել 2013 թվականի սեպտեմբեր ամսին Իտալիայից ժամանած մասնագետ Լուչիա Միացցոյի կողմից: Անցկացված դասախոսությունները հայ մասնագետներին հնարավորություն են ընձեռել ծանոթանալու մետաղյա արտեֆակտների, խեցեղենի, հնագիտական գտածոների վերականգնման տեսությանը, Իտալիայում կիրառվող մեթոդներին, մետաղի քայքայման, վերականգնման ու պահպանման խնդիրներին: Դասընթացի գործնական փուլում վերականգնող մասնագետներն աշխատել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ՀՀ ազգային պատկերասրահում` վերականգնելով նշված թանգարանների կողմից հատկացված նմուշները: 
nkar 8
    7. Արուճի վանական համալիրի ուսումնասիրում և վերականգնման նախագծի կազմում
    2012 թ. հունվարից սկսվել է Արուճի տաճարի ուսումնասիրությունը, որի նպատակն է հավաքել անհրաժեշտ տեղեկություններ վերականգնման նախագծի  իրականացման համար: Մասնավորապես, իրականացվել է՝
  • Արխիվի և օգտագործված գրականության աղբյուրների  ուսումնասիրություն ,
  • ճարտարապետական չափագրում  մետրով, տոպոգրաֆիկ և laser scanner-ի միջոցով,
  • նյութերի և քայքայման ախտորոշում,
  • տեղադրվել են ճեղքաչափեր՝ հնարավոր ճեղքերի  բացահայտման և միջավայրի ազդեցությունը որոշելու նպատակով,
  • արվել են կառուցողական բնույթի գնահատումներ և  ձայնային ստուգումներ,
  • ընթացքի մեջ են կառույցի պատերի խոնավության չափման աշխատանքները,
  • ներկայացվել են քարից ու շաղախից նմուշներ ֆիզիկական և քիմիական վերլուծությունների իրականացման համար, որոնց նպատակն է նյութերի և դրանց քայքայման վիճակի գնահատումը:
    Ընթացքի մեջ է Արուճի տաճարի վերականգնման նախագծի կազմումն իտալացի մասնագետների կողմից: Ծրագրի ավարտին հայկական կողմին կհանձնվի վերականգնման նախագծի փաթեթը:
aruch
nkar-1 nkar 9
    Ծրագրի շրջանակում Հայաստան են բերվել բազամաթիվ սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև մասնագիտական գրականություն, որոնք կնվիրվեն տեղական հաստատություններին:
    2014 թվականին` ծրագրի ավարտին, նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով, որը նվիրված կլինի հուշարձանների արժևորման, վերականգնման և պահպանման խնդիրներին:
    Գործում է ծրագրի կայքը: