Հայ-իտալական համագործակցությունը շարունակվում է

verakangnum
    Այս տարի լրանում է մեծանուն հայ ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակը: Ճարտարապետի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թթ. հոբելյանական միջոցառումների օրացույցում: Հոբելյանի առիթով իրականացվում են մի շարք միջոցառումներ:
    Հունիսի 4-6-ը Երևանում անցկացվեց Թորոս Թորամանյանի 150-ամյակին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ճարտարապետին նվիրված ուսումնասիրություններ, ինչպես նաև ուսումնասիրություններ` նվիրված պատմամշակութային ժառանգության պահպանման գործում միջազգային կազմակերպությունների հաջող փորձը կիրառելու խնդիրներին: Հնագիտության հետ մեկտեղ քննարկվեցին արդի մշակութային ժառանգության, դրա պահպանության ոլորտում արվող կամ արվելիք  նորամուծությունների ու կրթական ծրագրերի հարցերը: Հատկապես ուշադրություն դարձվեց զբոսաշրջության զարգացման գործում մշակութային ժառանգության դերի և նշանակության խնդրին:
    Գիտաժողովին մասնակցում էին հեղինակավոր մասնագետներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Պորտուգալիայից, ինչպես նաև ժառանգության պահպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ:
    «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովն ամփոփեց ոչ միայն Թորոս Թորամանյանի գործունեությունը, այլև «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» համաձայնագրի շրջանակներում իրականացվող կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացվում էր 2011թ.-ից ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության ստեղծված համագործակցության արդյունքում:
    Ծրագրի արդյունքում տարբեր պետական կազմակերպությունների հիմքի վրա ստեղծվել են մշակութային ժառանգության վերականգնման լաբորատորիաներ: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմքի վրա ստեղծվել են որմնանկարների լաբորատորիաներ, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ կտավի/պաննոյի վրա արված նկարների, Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղի, փայտի, խեցեղենի վերականգնման արհեստանոց-լաբորատորիաներ: Նոր ուժով սկսել է գործել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական առարկաների վերականգնման լաբորատորիան: Բացի այս՝ Հայաստան են բերվել հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման գործում կիրառվող բազմաթիվ գործիքներ ու սարքավորումներ. դրանք հատկացվել են տեղական տարբեր հաստատությունների, մասնավորապես թանգարանների: Իտալացի մասնագետները նախատեսել են առաջիկայում Հայաստանին նվիրաբերել իտալերեն և անգլերեն մասնագիտական գրականություն՝ խթանելու համար ուսանողների աշխատանքը: 
    Կրթական ծրագրի և դրա մեկնարկի մասին Cultural-ն արդեն ներկայացրել է: Եռամյա ծրագրի արդյունքների, ձեռք բերած հաջողությունների և հնարավոր նոր ծրագրերի մասին  զրուցել ենք ծրագրի ղեկավար, ճարտարապետ Գայանե Կազնատիի հետ: Տիկին Կազնատին գոհ է արդյունքներից, ըստ նրա՝ շատ պատրաստված երիտասարդներ կան Հայաստանում. երեք ուսանող Եվրոպայում են սովորում վեցամսյա ուսումնական ծրագրով, երկուսը՝ Իտալիայում, մեկը՝ Պորտուգալիայում:
    Ծրագրի ղեկավարը նշում է, որ համագործակցությունը կշարունակվի ըստ համաձայնագրի, բայց թե որքան մեծ կլինի համագործակցությունը, կախված է ֆինանսավորումից. «Պիտի ստեղծվեն հայ-իտալական համագործակցության նոր ծրագրեր: Հաջորդ շաբաթ տիկին նախարարը պիտի գա Իտալիա, հանդիպումներ պիտի ունենա այնտեղի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների հետ: Մենք մի պրոֆեսոր ունենք, որ պիտի այստեղ գա վեց ամսով: Եթե հնարավոր լինի  ճանապարհածախսը և կեցության ծախսերը լուծվեն, նա անպայման կգա»:
    Կազնատիի խոսքերով իտալացիները շատ են հավանել հայկական հուշարձանները՝ Գեղարդը, Արուճը, Քոբայրը, Երերույքը, Հովանավանքը, Սաղմոսավանքը, Տիգրանակերտը և էլի շատ հնագիտական տարածքներ: Նա կարևորեց նաև հայերի լավ ընդունելությունը. «Բոլորը շատ տպավորված են հայ մարդկանց ջերմությունից. սա շատ օգնեց մեր ծրագրին, հենց այս պատճառով է, որ թեպետ մեր պրոֆեսորները աշխատավարձ չեն ստանում, սակայն սիրով են գալիս, քանի որ իրենց լավ են ընդունում այստեղ»:
Աննա Կարապետյան