«Հայ ֆոլկից» մինչև «Old band»

old band
    Ապրիլի 2-ի երեկոյան Համազգային թատրոնում տեղի ունեցավ CinYou & Old band բարեգործական համերգ-ներկայացումը: Միջոցառման սկզբում СinYou նախագծի հիմնադիր անդամ Անուշ Քոչարյանը ներկայացրեց СinYou նախագիծը: Այն ուղղված է մշակութային երկխոսության զարգացմանը, կինոարվեստի առաջընթացին և նոր անունների բացահայտմանը: Այն իր առջև նպատակ է դրել մշակութային միջոցառումները ապակենտրոնացնել և մայրաքաղաքից տանել մարզեր: СinYou-ի թիմը շրջելու է մարզերում և սցենարներ, կինոնախագծեր, մշակույթի տարբեր ճյուղերի մասունքներ է հավաքագրելու: Նպատակ ունեն նաև ստեղծել երիտասարդ կինոգործիչների միջազգային հարթակ:
    CinYou-ն մեկնարկել է լրագրող, գրող, ԵԹԿՊԻ դասախոս Անուշ Քոչարյանի, Թատերական ինստիտուտի Կինոռեժիսուրայի ուսանողների (Արեն Մալաքյան, Լուսինե Պապոյան, Միքայել Աբրահմյան, Ալլա Հարությունյան) և արվեստաբան Անահիտ Խաչատրյանի նախաձեռնությամբ: 
    Օld band էթնիկ խմբի ֆոլկլորային երաժշտության համերգ-ներկայացումը նույնպես CinYou-ի նախաձեռնությունն է: Էթնիկ խումբը նոր է երաժշտության դաշտում, ունի ընդամենը երեք ամսվա պատմություն: Այսօր Համազգայինում կայացած համերգը խմբի երկրորդ համերգն է: Նախորդ համերգը կայացել է դեկտեմբերին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:
   Խմբի անդամներն ասում են, որ նախորդ համերգն ավելի շատ փորձ էր, իսկ սա արդեն ամուր քայլ: Օld band-ի կազմում 4 կատարողներ են՝ Անուշ Հարությունյանը (հոգեբան, լեզվաբան), Ալեքսանդր Իրադյանը (դիրիժոր), Արամ Հարությունյանը (սաքսոֆոնահար) և Լիլիթ Հարությունյանը (երաժշտագետ)։ Տարբեր մասնագիտության տեր այս մարդկանց միավորել է սերը դեպի երաժշտությունը և ինչպես Լիլիթն է ասում` ընտանեկան ավանդույթը: Լիլիթը և Արամը քույր ու եղբայր են, իսկ Անուշը նրանց հորեղբոր աղջիկն է, երաժշտության հանդեպ սերը դեռ մանկուց նրանց մեջ սերմանել են հայրն ու հորաքույրը` «Հայ ֆոլկ» խմբի (հետագայում` «Կարոտ», ապա` «Շողակն») հայտնի երաժիշտներ Ալեքսան և Հասմիկ Հարությունյանները:
    «Երբ նրանք «Հայ ֆոլկ»-ում երգում էին, ճիշտ մեր տարիքին էին և ներկայացնում էին մշակումներ այնպես, ինչպես հիմա մենք ենք փորձում անել, փորձում ենք շարունակել «Հայ Ֆոլկ»-ի կիսատ թողածը և ավելացնել նաև մերը»,- համերգին նախորդած ասուլիսի ժամանակ պատմեց Լիլիթ Հարությունյանը:
old band 2    Ընտանեկան երգչախմբին միացել է նաև դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը: Old band-ի երկրորդ համերգին հնչեցին ինչպես «Հայ Ֆոլկ»-ի մշակումներից, այնպես էլ խմբի կատարած մեկ-երկու մշակումներ: Երգիչ-կատարողները կրում էին հայկական նոտագրության հատվածներով շապիկներ՝ յուրաքանչյուրի շապիկին իր երգի խազագրությունը:
    Բացի նրանցից՝ համերգին մասնակցում էին նաև Վահագն Ամիրխանյանը (կիթառ) և Գրիգոր Քարտաշյանը (բլուլ)։ Համերգի երգացանկի հիման վրա երիտասարդ ռեժիսոր Սամվել Թադևոսյանը բեմադրություն էր իրականացրել։ Մեզ հետ զրույցում Սամվելը նշեց, որ համերգը իր ռեժիսորական դեբյուտն է, ուսանողական տարիների էտյուդները չհաշված:
    Բեմադրությունն ներառում էր առաջին և երկրորդ պլաններ: Առաջին պլանում կատարողներն էին, երկրորդում` պրոյեկցիան: «Այն, ինչ տեսաք երկրորդ պլանում իլյուստրացիա չէր, այլ երգի տեմպի և մթնոլորտի արտացոլումն էր բեմի վրա»,- ասաց ռեժիսորը:
    CinYou & Old band բարեգործական համերգ-ներկայացմանը ներկա էին ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Հայաստանի պետական կամերյանի երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը և այլք: Համերգի պատվավոր հյուրն էր ուկրաինահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ռոման Բալայանը։ Համերգի ավարտին աշխարհահռչակ արտիստը Cultural-ին ասաց. «Այսքան հրաշալի բան Հայաստանում ես վաղուց չէի լսել»:
    Old band-ի այս համերգը բարեգործական էր: Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի CinYou պորտալի ստեղծմանը: Համերգի կազմակերպմանը աջակցել էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոնը և Զարտպրինտը:
Աննա Կարապետյան