ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Tian-Erlu
    Այսօր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն ստորագրեցին «ՀՀ մշակույթի նախարարության և ՉԺՀ մշակույթի նախա­րարու­թյան միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը:
    12 հոդվածից բաղկացած փաստաթղթի համաձայն` հայ- չինական մշակութային համագործակցությունը կշարունակի ծավալվել թանգարանների, թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, գրականութ­յան, ֆիլմարտադ­րության և  մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում:
    «Չինաստանն այն երկրներից է, որի հետ մենք շատ կոնկրետ ժամանակացույցի մեջ և հստակ ծրագրերի շրջանակներում իրականացնում ենք  համագործակցությունը: Այս ռիթմի մեջ ենք մտել դեռ 2008 թվականից, երբ Հայաստանը Չինաստանում անցկացրեց մշակույթի օրեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասմիկ Պողոսյանը:
    Պողոսյանի խոսքով չինական մշակույթի ներկայությունը Հայաստանում զգալի է. վերջին տարիներին հսկայածավալ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ:
    «Մշակույթի օրերից բացի, տարբեր համագործակցություններ կան փառատոների, մրցույթների շրջանակում: Պեկինում հայկական արտադրության ֆիլմերը մասնակցում են փառատոների, նկարիչները`միջազգային բիեյնալեների: Դեսպանատան ուժերով հայերեն թարգմանվեց և հրատարակվեց չինական հեքիաթների ժողովածու:
    Անցյալ տարվանից Չինաստանի հետ համատեղ սկսեցինք իրականացնել մշակույթի կառավարման ոլորտի և ՊՈԱԿ-ների պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ, որոնք շարունակական են լինելու: Սեպտեմբերին Չինաստանում տեղի կունենա Մեծ մետաքսի ճանապարհ ծրագիրը, որին մասնակցելու ենք նաև մենք»,,- նշեց նախարարը և հավելեց, որ բարձր է գնահատում վերջին տարիների ընթացքում ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը, մասնավորապես Կոնֆուցիոսի կենտրոնի և չինական դպրոցի առկայությունը Հայաստանում:
    Մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում երրորդ անգամ Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր (նույնքան Հայաստանի մշակույթի օրեր են կայացել նաև Չինաստանում): 2009 և 2012 թվականներին մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում բացվել է «Մետաքսի ճանապարհը կերպարվեստում» խորագրով ցուցահանդես, ելույթ են ունեցել Հանջոու քաղաքի երգի-պարի թատրոնը, «Հանսեն» ազգային պարի խումբը:
    Չինաստանի մշակույթի օրերի բացման արարողությունը կկայանա հունիսի 11-ին` ժամը 18:30-ին, Օպերայի և բալետի ազգային ակադե­միական թատրոնում: «Իմ երազանքը» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգա չինական երգի ու պարի համույթը, որի անդամները հաշմանդամություն ունեցող անձինք են:
    Խումբը ստեղծվել է 1987 թվականին: Ամեն տարի հանդես է գալիս ավելի քան 150 ներկայացմամբ (վոկալ և գործիքային կատարումներ, բալետ, լատինական պար, պարային և  երաժշտական կոմպոզիցիա): Համույթը շրջագայել է շուրջ 60 երկրում՝ ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքները՝ Եվրասիա, Ամերիկա, Աֆրիկա:
    «Համույթը հատուկ տեղ ունի Չինաստանում ոչ այն պատճառով, որ անդամները հաշմանդամություն ունեցող անձինք են, այլ նրա համար, որ նրանք ցույց են տալիս շատ բարձր, պրոֆեսիոնալ մակարդակ, ինչի մասին կվկայի աշխարհի այն երկրների հանդիսատեսը, որտեղ նրանք ելույթ են ունեցել: Խմբի անդամները ոչ միայն գտնում  են գեղեցիկը կյանքում, այլև փոխանցում են այդ գեղեցիկը հանդիսատեսին», - ընդգծեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:
    Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերը կշարունակվեն մինչև հունիսի 14-ը:  «Իմ երազանքը» խորագրով համերգային ծրագիրը հանդիսատեսին կներկայացվի նաև հունիսի 12-ին` ժամը 12:00-ին, օպերային թատրոնում, ինչպես նաև հունիսի 13-ին` ժամը 17:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրա­մատիկական թատրոնում:
    Մշակույթի օրերի շրջանակում հու­նիսի 11-17-ը Հովհաննես Թումանյանի թանգարանում կգործի «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվի շուրջ 40 աշ­խա­տանք:

Աննա Կարապետյան