ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՎ ՌՈԲԵՐ ԳԵԴԻԳՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

voske-ciran
    «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերն այսօր այցելել են Էջմիածնի վանական համալիր, շրջել Մայր տաճարի թանգարանում։ Այնուհետև Գևորգյան ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշով է պարգևատրել «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանին և «Եղիցի լույս» մրցանակը հանձնել կինոռեժիսոր, փառատոնի այս տարվա միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ Ռոբեր Գեդիգյանին (Կետիկյան)։
    139Հարություն Խաչատրյանի խոսքով եկեղեցու հետ համագործակցում են արդեն երկար տարիներ, բայց «Եղիցի լույս» մրցանակը հանձնում են  չորրորդ անգամ․«Չորս տարի առաջ Վեհափառի հետ հանդիպման ժամանակ հասկացանք, որ եկեղեցին անպայման պետք է իր մասնակցությունն ունենա «Ոսկե Ծիրանին»։ Վեհափառի առաջարկությամբ էլ ստեղծվեց այս մրցանակը։ «Եղիցի լույսը» նախկինում ստացել են մարդիկ, ովքեր հոգևոր ֆիլմեր են տվել աշխարհին, իսկ Կետիկյանը ամբողջ աշխարհում հայտնի է որպես հոգևոր կինոյի մասնագետ»։
    Հոգևոր-մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակի արժանացած Գեդիգյանը նշեց, որ փառատոնը հարուստ է բազմաթիվ լույսերով։
    «Ինձ համար լույս բառը ուղղակիորեն կապվում է արվեստի, կինոյի հետ։ Կինոն ինձ համար լույս է մթության մեջ։ Այն կարող է օգնել դուրս գալ մթությունից, փոքրից գնալ դեպի մեծը, ինչպես ասել է մեծ փիլիսոփան։ Երբ նայում եմ լուսատտիկներին, մտածում եմ, որ այդքան լույս կա բոլոր մարդկանց մեջ։ «Ոսկե Ծիրանը» մեկտեղում է այդ բոլոր լույսերը աշխարհի տարբեր երկրներից Հարավային Ամերիկայից, Թուրքիայից, Ռուսաստանից և այլն։ Արվեստը լուսավորում է ոչ միայն մեր բանականությունը, այլև սրտերը»,- ասաց նա։
    Հիշեցնենք, որ նախորդ տարիներին «Եղիցի լույս» մրցանակին արժանացել են այնպիսի անուններ, ինչպիսիք են Ալեքսանդր Սոկուրովը, Արտավազդ Փելեշյանը և Քշիշտոֆ Զանուսին։

Աննա Կարապետյան