ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Harutyun-Xachatryan
    ՀՀ Ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը 2015 թ.-ին տոնեց իր 60-ամյա հոբելյանը: Հոբելյանի առիթով հեղինակավոր բազմաթիվ կինոփառատոներում կազմակերպվեցին ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Մեկնարկը  տրվեց Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որտեղ մարտ ամսվա ընթացքում ցուցադրվեցին Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին: Ծրագրի կազմակերպիչն ու համադրողը աշխարհահռչակ կինօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն էր: Ծրագիրը եզրափակվեց «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո  ռեժիսորի մասնակցությամբ տեղի ունեցավ հարց ու պատասխան:
    Ապրիլ ամսին վավերագրական կինոյի հեղինակավոր կինոփառատոներից մեկում՝ Նիոնի «Visions Du Reel»-ում տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու վարպետության դասընթացը:
    Հետահայաց ցուցադրություններ տեղի ունեցան նաև Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզում անցկացվող «Evropa Akt Film», Վառնայի, Բաթումիի միջազգային կինոփառատոներում: Ստեղծագործական հատուկ երեկոներ կազմակերպվեցին Մոսկվայի, Սոֆիայի, Թբիլիսիի միջազգային կինոփառատոների շրջանակներում:
    Հոբելյանական տարում Հարություն Խաչատրյանն արժանացավ է մի շարք պատվո մրցանակների որոնցից հիշատակելի են՝  «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն)  և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):
    Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները շարունակվում են 2016 թ.-ին, և առաջին ծրագիրը կմեկնարկի Բանգալորի (Հնդկաստան) միջազգային կինոփառատոնում հունվարի 28-ին, ապա կշարունակվի Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի տեղի կունենա փետրվարի 18-28-ը: