«ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՍԵՆՅԱԿԸ» ՎԵՊԸ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է

harri-poter-2
 Հարրի Փոթերների գլխավորությամբ փոթերյան հերոսների շքերթը դեկտեմբերի 24-ին «Սինեմա սթար»-ում ազդարարեց  Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Շքերթի մասնակիցները բերեցին գրքի առաջին օրինակները:

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» վեպն անգլերեն բնագրից թարգմանել է Ալվարդ Ջիվանյանը։ Սա փոթերյան շարքի երկրորդ գիրքն է: Այս տարի «Զանգակ» հրատարակչությունը լույս էր ընծայել շարքի առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»։

Փոթերյան անկյունում տեղավորվել էին  նաև երկրորդ գրքում հանդիպող կենդանիներից օձերը, առնետներն ու մեծ սարդը: Փոթերի երկրպագուներին լուսանկարում էր Քոլինը (վեպում Քոլինը  հանգիստ չի տալիս Փոթերին, երբ վերջինս ամառային արձակուրդից հետո վերադառնում է Հոգվորթս):

Ներկաները հայտնի Բաշխիչ գլխարկից վերցրին իրենց հոսքերի թվերը, այնուհետև մասնակցեցին վիկտորինայի: Անակնկալների շարքում էին  «Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք» ֆիլմի ցուցադրության հրավիրատոմսերը:

 «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գիրքը հրատարակվել է 1998թ.-ին և արժանացել բուռն ընդունելության: 1999թ.-ին գիրքը համարվել է ամենաշատ վաճառվածը, իսկ 1997թ․-ից  մինչ օրս «Հարրի Փոթեր» շարքի գրքերը վաճառվել են ավելի քան 500 մլն օրինակով:

«Զանգակ» հրատարակչություն
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի (erit.am)