Հարցերն օգնում են մոտենալ խորքիդ

Mane Grigoryan
    Հոկտեմբերի 11-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ Մանե Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում բանաստեղծը ներկայացրեց իր հին ու նոր բանաստեղծությունները, ինչից հետո հանդիսատեսին հնարավորություն տրվեց հարցեր տալ բանաստեղծուհուն ու ստանալ դրանց պատասխանը, ծավալվեց նաև հետաքրքիր քննարկում Մանեի գրելաոճի և բանաստեղծությունների թեմատիկայի վերաբերյալ: Հատակապես քննարկվեց այն հարցը, որ Մանե Գրիգորյանի մոտ գերիշխում է մահվան թեման, ինչը ոմանց մոտ տարակուսանք էր առաջացնում, իսկ ոմանք կարևորում էին փաստը, որ ամեն տող, ամեն պատկեր ապրված է նրա բանաստեղծություններում, և մահը բոլորովին էլ ինքնանպատակ ու արհեստական երևույթ չէ այնտեղ:
mane grigoryan handipum    Մանեին լսելու էին եկել նաև նրա գրչընկերները: Բանաստեղծ Արամ Մամիկոնյանը նշեց, որ իր կարծիքով Մանեի բանաստեղծությունները մաշկազերծ կնոջ մասին են, որի նյարդերը բաց են բոլոր ասեղների համար, իսկ այն, որ Մանեի հերոսները մեռած են կամ չկան մեր իրականության մեջ, նույնպես իր բացատրությունն ունի. «Երբ այդ իդեալական կերպարը դրվում է մեր իրականության մեջ, իրականությունը սկսում է կրծել այն տարբեր կողմերից. Մանեի խոսքը հենց այդ կրծած ցավի մասին է: Ի վերջո մահը ամենաուժեղ պայքարն է, որ կարող է լինել մարդու մեջ»:
mane-handipum   Իսկ Մանեն նշեց, որ հանդիպումները գրողի համար կենդանի ընթացք են. նա տեսնում է, թե կողքից ինչ դիտանկյուն կա, թե ուրիշներն ինչպես են ընկալում իր գրածը. «Մարդը անվերջ շարունակվող հարցերի շարան է. քեզ հասկանալու ճանապարհին զգում ես, որ այսպիսի հանդիպումները կարող են քո մեջ ևս մի հարց ավելացնել, և ինչքան հարցերը շատ են, այնքան, դրանց մասին մտածելով, դու մի քայլով ավելի ես մոտենում քո խորքին»: 
Աննա Կարապետյան