«ՀԱՊԱՂԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ՓՐԿԵԼՈԻ ԲԱՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ». ԱՐՄԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ

arman-caturyan-ampopich-2016
 Հայաստանի ազգային պատկերասրահում այս տարի (նախնական տվյալներով՝ մայիսին) կբացվի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսու 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

«Եթե իրականացնենք այն, ինչ ծրագրել ենք, վստահեցնում եմ, որ ականատես կլինենք աննախադեպ միջոցառման»,- ընդգծեց նա:

Ցուցահանդեսում կներկայացվեն ծովանկարչի՝ Ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող բոլոր աշխատանքները (57 գեղանկար, 31 գրաֆիկա), ինչպես նաև 16 գլուխգործոց՝ ռուսական թանգարաններից:

«Այժմ բանակցություններ ենք վարում Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ, որպեսզի Այվազովսկու «Քաոս»-ը (1841թ.) կարողանանք բերել և ցուցադրել»,- նշեց Ազգային պատկերասրահի տնօրենը:

Ծատուրյանի փոխանցմամբ՝ 2017 թվականը հագեցած կլինի ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ցուցադրություններով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ ցուցահանդես կկազմակերպվի Նովոսիբիրսկում, «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդես կբացվի ռուսական Իմպրեսիոնիզմի թանգարանում, որտեղ կներկայացվեն հայ արվեստագետների աշխատանքներից: Ընթացիկ տարում երկու ցուցահանդես էլ նախատեսված է Լեհաստանում:

Ամփոփելով 2016-ին իրականացված աշխատանքները՝ Ծատուրյանը հիշեց Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում կայացած «Ճանապարհորդություն դեպի ծով» խորագրով ցուցահանդեսը: Այվազովսկու 200-ամյակին նվիրված այս ցուցահանդեսին 12 աշխատանքով մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահը:

Նախորդ տարվա ընթացքում Պատկերասրահում բացվել են Սարգիս Խաչատուրյանի 130-ամյակին, Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին, Զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսներ: «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրի ներքո ներկայացվել են Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ու նրա զավակների՝ Լավինիա, Վազգեն և Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանների աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Ազգային պատկերասրահում և նրա 12 մասնաճյուղերում 61 ցուցադրություն է կազմակերպվել:

Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է շուրջ 40 հազար թանգարանային նմուշ, որոնց մի մասը ներկայացված է մշտական ցուցադրության: Սակայն թանգարանային առարկաները պահպանության կարիք ունեն:

«Պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Թեև ունենք օր ու գիշեր աշխատող կաթսայատուն, բայց շենքում ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շատ շոգ: Մեր հարստությունը վատ պայմաններում է: Կարծում եմ՝ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Կառավարությունը պատկերասրահի նոր շենք կառուցելու ծրագիր ունի: Դա մեր փափագն է, բայց գիտենք, որ երկիրը ֆինանսական ծանր վիճակում է: Եթե նոր շենք կառուցելու հնարավորություն չկա, ապա պետք է ներկայիս շենքում սկսել թանգարանային առարկաների պահպանմանն ուղղված աշխատանքներ: Չեմ ուզում ծայրահեղ բաներ ասել, բայց հապաղելու դեպքում էլ փրկելու բան չենք ունենա: Մեր վերականգնման ինը հոգանոց բաժինը ողջ օրը խեղդված աշխատում է»,- ասաց Ծատուրյանը:

Պահպանման վատ պայմանների պատճառով դեռևս որևէ կտավ չի ոչնչացվել, սակայն այնքան է վնասվել, որ ցուցադրման ենթակա չէ:

Սիրանուշ Հայրապետյան