ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԴԱՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ԱՆՄՈՌՈՒԿ» ՖԻԼՄԸ

anmoruk-premiera
    Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Անմոռուկ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Անմոռուկը»մի ընտանիքի պատմություն է: Ընտանիք, որի միջոցով  ռեժիսորը փորձել է ներկայացնել ամբողջ ազգի հետ կատարված ողբերգությունը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին սկզբում տեսնում ենք դեպքերից հիսուն տարի անց: Նա փակված է տանը և նայում է պատուհանի ճաղավանդակներից այն կողմ խաղացող երեխաներին: Ապա տեսնում ենք, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչի՞ հետևանքով: Պատասխանները ռեժիսորը ներկայացնում է հերոսուհու ապրումներին զուգահեռ՝ միաժամանակ ցույց տալով անցյալի և ներկայի կապը:
    Հերոսուհին հայ կանանց հավաքական կերպարն է, կին, ով կորցրել է ծնողներին, բռնաբարվել թուրքի կողմից, հետո հղիացել, իսկ թե ուր է իր՝ թուրքից ունեցած երեխան, հերոսուհին չի կարողանում հիշել. ֆիլմի  ողջ  ընթացքում բազմիցս հնչում է՝ ո՞ւր է մանչս: «Անմոռուկում» ներգրավված են նաև նորածին և նախադպրոցական հասակի երեխաներ, որոնք լալիս են: Նրանց, սակայն, ծնողները (կամ խնամակալները) կանչում են ոչ հայերեն, այլ օտար լեզուներով: Ռեժիսոր Վազգեն Համբարձումյանը այս կերպ ցանկացել է հանդիսատեսին հասցնել ֆիլմի հիմնական ուղերձը՝ այն, որ  կան հայեր, որոնք մինչ օրս չգիտեն իրենց հայ լինելու մասին, քանի որ ցեղասպանության արդյունքում որբացել են և տարվել այլ երկրներ, դարձել օտար ընտանիքի անդամ:
    Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Վանի Ակունց գյուղում: Նկարահանումները կատարվել են Հայաստանի տարածքում՝ Աշտարակի  Սաղմոսավան գյուղում և Երևանում (Երրորդ գյուղ): Ստեղծագործական անձնակազմը մոտ երեք ամիս աշխատել է ֆիլմի վրա:
anmoruk film
    «Անմոռուկը»ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի առաջին աշխատանքը չէ: Նախորդ տարի նա նկարահանել և Սևաստոպոլի «Победили вместе» վավերագրական ֆիլմերի մրցույթ-փառատոնին է ներկայացրել իր «Հավերժություն»ֆիլմը, որը մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այս տարի մայիսի 10-15-ը Սևաստոպոլում նույն մրցույթին է ներկայացված նաև «Անմոռուկը»: Մրցույթին մասնակցում է նաև Ադրբեջանը:
     «Նախորդ անգամ ադրբեջանցի ռեժիսորների հետ ջերմ ու լավ հարաբերությունների մեջ էինք, մեզ հետ խոսելիս ասում էին, որ եթե մեր պետությունների մեջ կան տարաձայնություններ, բայց դրանք  մեզ վրա չպետք է անդրադառնան, մենք  մշակույթի դաշտում ենք»,- մեզ հետ զրույցում նշեց  Վազգեն Համբարձումյանը:
    Խոսելով այս տարվա փառատոնի մասին՝  ռեժիսորը նշեց, որ եթե նույնիսկ ֆիլմը ոչ մի տեղ չզբաղեցնի, միայն թեման բարձրացնելն արդեն կարևոր է: «Անմոռուկ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացրել են նաև  «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, սպասում են պատասխան արձագանքի:
    Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Գրետա Մեջլումյանը: Դերերում են Հովհաննես Օհանյանը, Սուսաննա Սարգսյանը, Ինա Ստեփանյանը, Սեյրան Վանթյանը, Մարատ Հովհաննիսյանը, Նարեկ Բարսեղյանը և այլք: Սցենարի հեղինակներն են Գայանե Մարտիրոսյանն ու Գոհար Պետրոսյանը: Ֆիլմը նկարահանվել է ռեժիսորի անձնական միջոցներով:
Աննա Կարապետյան