ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ

Markos-Grigoryan
    «Փոքրամարմին էր, բայց շատ ուժեղ։ Երբ հետևում էի նկարելու ընթացքին, տեսնում էի, թե ինչպես է վրձնահարվածներ անում։ Կարծես կտավի հետ կռիվ աներ։ Մեկ-մեկ կտավը ընկնում էր եռոտանու վրայից, էլի էր դնում ու շարունակում նկարել։
    Երեք տարվա դադարից հետո վերջին անգամ ինձ է նկարել։ Առավոտյան յոթն էր։ Նախապես ասել էր՝ թե ուզում ես նկարեմ քեզ, յոթին պիտի գաս։ Այնքան ուժգին էին վրձնահարվածները, որ դիմանկարս ժամուկեսում ավարտեց»,- օգոստոսի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացած Մարկոս Գրիգորյանին նվիրված երեկոյի ժամանակ պատմեց արվեստաբան Իվեթ Թաջարյանը։
    Երեկոն կազմակերպվել էր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում։ Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հուլիսի 1-ին բացված «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությանը, այնուհետև հատուկ միջոցառումների սրահում լսեցին արվեստաբան Իվեթ Թաջարյանի բանախոսությունը արվեստագետի կյանքի և ստեղծագործության մասին։
    Արվեստաբանը Մարկոս Գրիգորյանի հետ ծանոթացել է դեռևս 1997-98 թվականներին իրանահայ արվեստագետներից մեկի միջոցով։ Այդ հանդիպումից էլ սկսվել է նրանց մտերմությունը։
    Թաջարյանը Մատենադարանի ավագ գիտաշխատող է, դասավանդում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Ասում է՝ ուսանողները Գրիգորյանի արվեստին ծանոթանում են միայն Միջին Արևելքի թանգարանում տեղ գտած ցուցանմուշներով, որտեղ հեղինակի վերջին շրջանի  աշխատանքները չկան։
    «Միջին Արևելքի թանգարանում հիմնականում նրա ուսանողական տարիների՝ Հռոմում, Թեհրանում, մի քիչ էլ Նյու Յորքում ստեղծած գործերն են։ Վերջին 30 տարիներին արված գործերը, այդ թվում՝ գեղանկարները, գտնվում են Գրիգորյանի ժառանգների մոտ։ Ուսանողները ստիպված այդ գեղանկարները լուսանկարով են ուսումնասիրում։
    Գեղանկարները արվեստագետը իր սեփական տանն էր պահում։ Ուզում էր տունը վերածել թանգարանի, բակում էլ փոքր շենք կառուցել, որը կծառայեր որպես արվեստի կենտրոն»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց արվեստաբանը։
    Իվեթ Թաջարյանի խոսքով՝ հանրահայտ իրանցի արվեստաբանները  Մարկոս Գրիգորյանին համարում են Իրանի մոդեռն արվեստի հիմնադիր։
    «Թեև Իրանի արվեստի պատմության մեջ Գրիգորյանի արվեստը մեծ տեղ է զբաղեցնում, բայց նա իր գործերի մեծ մասը նվիրեց Հայաստանի Հանրապետությանը։ Իրանը երազում էր այդ գործերի մասին, Իրանի թանգարանները մինչ օրս էլ տարբեր առիթներ է փնտրում դրանք վերադարձնելու համար։ Գրիգորյանի հավաքածուն ժամանակավոր է տեղ գտել թանգարանում և հյուրի կարգավիճակ ունի Հայաստանում, մինչդեռ Իրանում ամեն վայրկյան պատրաստ են գրկաբաց ընդունել արվեստագետի գործերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Աննա Կարապետյան