Հանդիպում իտալացի բանաստեղծի հետ

claudio pozzani
    «Գրական տապան-2013» ամենամյա միջազգային գրական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 25-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ հանդիպում իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցանիի հետ: Սա արդեն բանաստեղծի 4-րդ այցն է Հայաստան: Այս տարի Հայաստանում լույս է տեսել նրա բանաստեղծությունների եռալեզու ժողովածուն, հայերեն թարգմանությունները՝ Դավիթ Մաթևոսյանի («Զանգակ», 2013): 
pozzani    Բանաստեղծը մայրենի լեզվով ընթերցեց իր բանաստեղծությունները, որոնց զուգահեռ Սուրեն Ենոքյանը և Դավիթ Մաթևոսյանը ներկայացրեցին նաև հայերեն թարգմանությունները: Իհարկե, կային նաև անթարգմանելի բանաստեղծություններ, որոնք փոքրիկ «մոնոներկայացումներ» էին, որտեղ բանաստեղծական տեքստը լրացվում էր երաժշտական, ռիթմիկ արտասանությամբ ու շարժումներով: Կլաուդիո Պոցանին հայ հանդիսականի վրա մեծ տպավորություն թողեց իր խորը տեքստերով ու արտիստիկ արտասանությամբ:
pozzani-handipum    Կլաուդիո Պոցանին ծնվել է 1961թ. Ջենովայում (Իտալիա): Բանաստեղծ, հրապարակախոս և վիզուալ արվեստագետ է՝ ճանաչված ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան 10 լեզուներով և հայտնվել են միջազգային ժամանակակից ստեղծագործությունների ամենահայտնի անթոլոգիաներում և ամսագրերում: 1994թ. սկսել է համագործակցել մշակութային CVT-ի հետ և Եվրոպայի բանաստեղծական մի քանի, այդ թվում` Ջենովայի պոեզիայի և Փարիզյան «Poésir» փառատոնների ղեկավարն է: Նրա վերջին հրատարակումը եղել է բանաստեղծությունների և երաժշտության ձայնասկավառակ «La Marcia dell’ombra» վերնագրով (2010թ.), որն երկու ամիս շարունակ եղել է Իտալիայի Անկախության ռադիոյի թոփ 30-ում: