Հանդիպում գրքամոլների հետ

grqamol-
    Դեկտեմբերի 6-ին «Բուկինիստ» (Գրքերի աշխարհ) գրախանութում կայացավ «Հանդիպում «Գրքամոլ» նախաձեռնության անդամների հետ» միջոցառումը: Ներկա էին ինչպես «Գրքամոլ»-ի ընկերները, գրախանութի ընթերցասեր հաճախորդները, այնպես էլ մարդիկ, ովքեր եկել էին ծանոթանալու անդամների հետ: Իսկ «Գրքամոլ» նախաձեռնության անդամները երեքն են` Հասմիկ Մելիքսեթյանը, Համլետ Մուրադյանը, Հռիփսիմե Ռոստոմյանը:
    «Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է». սա ֆեյսբուքյան «Գրքամոլ» էջի կարգախոսն է. ընդամենը մի քանի ամիս գործող «Գրքամոլ»-ը հասցրել է հազարավոր օգտատերերի սիրելի էջը դառնալ: Ի դեպ, միջոցառումը սկսելուց առաջ Կենտրոն համայնքը հոսանքազրկվել էր, և արդյունքում հանդիպման սկիզբը բացառիկ կերպով անցավ` մոմի լույսերի ներքո: Անդամները ներկայացրին «Գրքամոլ» էջի ստեղծման պատմությունը, իրենց ծրագրերը, գաղափարները, որոնք մոտ ապագայում ցանկանում են իրագործել, և այնուհետև ակտիվ շփում սկսվեց ընթերցողների հետ: Ընթերցողներին ավելի շատ հետաքրքրքում էր, թե որ ստեղծագործություններն են ավելի շատ սիրում և ինչ սկզբունքով են էջում տեղադրվում նյութերը: Նրանց խոսքով, հիմնական մասը զբաղեցնում են մեջբերումները այն գրքերից, որոնք որ անձամբ կարդացել են իրենք` նախաձեռնության անդամները, և դուրս գրել այդ մեջբերումները: Նրանք նշեցին նաև, որ հետաքրքրված են նաև երիտասարդ հայ գրողներով:     
grqamol-2Գրքամոլները համոզված են, որ այսօր ունենք կարդացող երիտասարդություն, և բողոքելն անիմաստ է: Այնուհետև հանդիպման ընթացքում տեղի ունեցավ վիկտորինա. «Փոքրիկ Իշխան» և «Ռասկոլնիկով» թիմերը ձևավորվեցին հենց տեղում, և պատասխանելով Գրքամոլի հարցերին` ստացան անակնկալ նվերներ «Բուկինիստ» գրախանութի և «Գրքամոլ» նախաձեռնության կողմից: