«Համազգային» թատրոնի նոր շենքի նախագիծը

big_1352456315_5650148

    Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր պարգևատրել է «Համազգային» պետական թատրոնի կառուցվելիք շենքի նախագծի մրցույթի հաղթողներին: Մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի աշխատակիցների կողմից ներկայացված նախագծին: Այս մասին տեղեկանում ենք «Մեդիամաքսից»:  

   Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ «Համազգայինի» հարցը վերջնական կքննարկվի ճարտարապետական հանձնաժողովի այսօր կայանալիք նիստում:

   «Հույսով եմ, որ այս հարցը այսօր վերջնական լուծում կստանա: Հետագայում նախագիծը կներկայացնենք քաղաքապետին և կառավարությանը՝ այդ հատվածում հող հատկացնելու համար»,- պարզաբանել է գլխավոր ճարտարապետը:

   Լևոն Ղալումյանի նախագծով նախատեսվում է, որ «Համազգայինի» շենքը կառուցվի ոչ թե դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների առանցքում, այլ բաղկացած լինի երկու մասնաշենքերից՝ մեկը թատրոնի համար, մյուսը՝ ցուցասրահներ պարունակող մշակութային կենտրոնի:

   «Այս քաղաքաշինական կոնցեպցիան մեզ համար ընդունելի է»,- ասել է Նարեկ Սարգսյանը:

   Գլխավոր ճարտարապետի խոսքով, նախագծի գումարային հաշվարկները դեռ արված չեն, սակայն նախատեսվում է, որ թատրոնի շենքի կառուցումը կարժենա առնվազն 2 մլն դոլար, իսկ ժամանակահատվածը՝ 1,5 տարի:

   Ըստ նախագծի` կառույցի երկու մասնաշենքերը երկու հարթակներով կասկադի տարբերակով բարձրանալու են դեպի Սարյան փողոց: Երկու մասնաշենքերի միջև լինելու է մեծ հրապարակ և շատրվան:

«Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն իր հերթին ասել է, որ թատրոնը վաստակել է իր հասցեն ունենալու իրավունքը, սա կասկածի տակ չի դրվում: 

   Նրա խոսքով, կառավարման առումով սեփական շենք ունենալու դեպքում թատրոնը ավելի մեծ թատերական ծրագրեր կբերի Հայաստան, համագործակցությունը կեռապատկվի:

   Մեդիամաքսից տեղեկանում ենք նաև, որ Գլխավոր պողոտայի տարածքում «Համազգայինի» նոր շենքի կառուցման հարցի շուրջ բողոքի բավական մեծ ալիք է առաջացել ճարտարապետների և ակտիվիստների շրջանում: Մասնավորապես, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ Գլխավոր պողոտայի տարածքում թատրոնի շենքի կառուցումը կխախտի Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքը:

   Այդ օրենքի համաձայն, Գլխավոր պողոտայի տարածքում ծավալային շինությունների կառուցումն արգելված է: «Այդ տարածքում երբեք ծավալներ չեն դրվել, իսկ նմանատիպ նախագծերը մերժվել են»,- ասել է նա, հավելելով, որ թատրոնի շենքի համար անհրաժեշտ է նոր տեղ գտնել: