Համաշխարհային գրականությունը կիսատ է առանց մեզ

IMG_0971

    Լույս են տեսել հայ ժամանակակից գրականության ևս երկու թարգմանական ժողովածուներ` այս անգամ ֆրանսերեն: Հայ ժամանակակից արձակը (17 արձակագիր) թարգմանել է Էլիզաբեթ Մուրադյանը, իսկ պոեզիան (շուրջ  50 բանաստեղծ) թարգմանել են Նվարդ Վարդանյանը և Էդուարդ Հարենցը:

    Երկու ժողովածուների շնորհանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին Թումանյանի տուն-թանգարանում, Լևոն Անանյանը իր բացման խոսքում շնորհավորեց բոլոր հայ գրողներին ֆրանսերեն երկու հատորների կապակցությամբ` նշելով որ յուրաքանչյուրի համար սա լուրջ այցեքարտ է դեպի համաշխարհային ճանաչում: Նա  Էլիզաբեթ Մուրադյանին հանձնեց «Կանթեղ» թարգմանական մրցանակը:

Կանթեղ, Էլիզաբեթ Մուրադյան    Արձակագիր, դրամատուրգ, կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ այս մրցանակը Էլիզաբեթ Մուրադյանը կիսում է իր ամուսնու` ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինիի հետ, որը լավ է ճանաչում Հայաստանը, ժամանակին ապրել և դասավանդել է այստեղ, և այդ ժամանակներից ի վեր Հայասատանը դարձել է նրա կենսագրության մաս: Դեռևս տարիներ առաջ Էլիզաբեթ Մուրադյանի և Սերժ Վենտուրինիի թարգմանությամբ ֆրանսերեն լույս են տեսել Չարենցի «Դանթեական առասպելը» և Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: «Սրանք Ֆրանսիայում ֆրանսիական հրատարակչություններում լույս տեսած գրքեր են,- նշեց Դավիթ Մուրադյանը,- և թեպետ դանդաղում ենք, բայց արդեն սկսել ենք հասկանալ, որ հայ գրականությունը տարբեր երկրների մշակութային համատեքստում հասցե ունի և կարող է իր ներկայությունն ընդգծել ու գնալով մեծացնել իր դերը, սակայն դրա համար անհրաժեշտ են իսկապես նվիրյալներ, մարդիկ, ովքեր այդ գործը իրենց համար համարում են ճակատագիր, կենսագրություն և անշուշտ, Հայաստանն էլ պետք է աջակցի այդ գործընթացներին»:

David Muradyan  Խոսելով արձակի ժողովածուի մասին` Դավիթ Մուրադյանը նշեց, որ մեր արձակի դեմքը կազմող հեղինակները կան այս գրքում, և պետք է ասել` հետաքրքիր մեկնաբանություններով, որոնք կազմել է Սերժ Վենտուրինին: Գրողի անհատական հայացքով դիտված է յուրաքանչյուր հեղինակ և յուրաքանչյուրը առանձին հեղինակի ձեռագիր և նրա ստեղծագործական տեսակը Վենտուրինին բավականաչափ դիպուկ, հետաքրքիր բնորոշումներով բացահայտում է ֆրանսիացի ընթերցողի համար:

    «Իհարկե մենք կիսատ ենք առանց համաշխարհային գրականության, բայց համաշխարհային գրականությունն էլ կիսատ է առանց մեզ: Ֆրանսիայում կային հրաշալի ավանդույթներ հայ գրականության թարգմանության և պետք է վերականագնել ու շարունակել դրանք»,- իր խոսքը եզրափակեց Դավիթ Մուրադյանը:

    IMG 0967Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը դժգոհություն հայտնեց պոեզիայի ժողովածուի վերաբերյալ` գտնելով, որ այնտեղ ընգրկված են նաև թույլ հեղինակներ:

    Շնորհանդեսին ներկա էին նաև Ֆրանիայի դեսպանատան ներկայացուցիչները, որոնք իրենց հիացմունքը հայտնեցի ֆրանսերեն երկու ժողովածուների վերաբերյալ: