ՀԱՂԹՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

yntercman-olimpiada-2015
    «Ընթերցման օլիմպիադա - 2015»-ն ամփոփել է արդյունքները: Այսօր ազգային գրադարանում տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ փուլը, այնուհետև մրցանակաբաշխությունը:
    Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի շատ թվով վեցերորդ դասարանցիներ: Միայն մայրաքաղաքից նախորդ տարի մասնակցում էր 60, այս տարի` 120 դպրոց: Մարզերում նույնպես ընթերցողները հետաքրքրված են մրցույթով:
   Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ դպրոցական, մարզային և հանրապետական: Դպրոցական փուլի ընտրությունը կատարել են ուսուցիչները, մյուս երկու փուլերում՝ ժյուրիի անդամները: Եզրափակիչ անցած 33 մասնակիցներն այսօր ստացան իրենց մասնակցության վկայականները, արժանացան տարբեր մրցանակների:
olimpiada mrcanakabashkhutyun    «Ընթերցման օլիմպիադայի» երեք լավագույններին պարգևատրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
    Մշակույթի նախարարը օլիմպիադան բնորոշեց որպես հիանալի նախաձեռնություն: Նախարարը իր կողմից երեք լավագույններին նվիրեց վերջերս վերահրատարակված՝ Անրի Վեռնոյի «Մայրիկ» գիրքը: Նա տեղեկացրեց, որ մարզերի մասնակիցներն իրենց հետ մարզային և համայնքային գրադարաններ կտանեն նոր հրատարակված գրքերի փաթեթներ:
     «Մենք շատ քիչ ժամանակ ենք գտնում կարդալու և նախանձով ենք նայում ձեզ,- իր և տիկին Պողոսյանի անունից ասաց Արմեն Աշոտյանը: Կրթության և գիտության նախարարը հորդորեց մրցույթի մասնակիցներին կարդալ  նաև այն ժամանակ, երբ ոչ ոք դրա համար չի խրախուսում. «Ձեզ համար եք սովորում, կարդալը ձեր գործիքն է դեպի ապագա»:
    Օլիմպիադայի լավագույններից երկուսը Երևանի դպրոցներից են, մեկը՝ Տավուշի մարզից: Օլիմպիադայի հաղթող Վազգեն Հովհաննիսյանը սովորում է Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում:
vazgen hovhannisyan   «Սիրում եմ ընթերցել, մրցույթից հետո ավելի շատ սիրեցի: Բակունցի «Մթնաձոր»-ից հատված եմ ներկայացրել, չէի սպասում, որ կհաղթեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Վազգենը:
    Թոթովենց, Բակունց, Շիրվանզադե. թվարկում է նա իր սիրելի հեղինակներին ու հիշում նրանց, ում մասին լսել է մրցույթին մասնակցած ընկերներից. «Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործություններն եմ կարդալու և անպայման Նար-Դոսի «Ես և նա»-ն: Ասում են՝ շատ լավ գիրք է»:
    «Սիրում եմ Տերյան, Թումանյան, Անդերսեն»,- ասում է երրորդ տեղը զբաղեցրած մասնակից  Մարինա Բոյաջյանը: Մարինան սովորում է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում:
    «Սկզբում Անդերսենի «Վուշն» եմ ներկայացրել, հետո «Արագիլները»: Ուսուցչուհուս հետ էինք  ընտրում»,- ասում է նա:
   Քանի որ ամառային արձակուրդները կարելի է ասել սկսվել են, Մարինան էլ սկսել է ընթերցել իր նախընտրած գրքերը: «Հիմա  Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստոն» եմ կարդում: Շատ հետաքրքիր է»,- նշեց նա:
yntercman olimpiada    Մրցանակներ հանձնեցին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության, բնապահպանության նախարարությունները, մրցույթի հովանավոր հանդիսացող կազմակերպությունները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան երեք օր անցկացնել Արցախում, այցելել զորամասեր, ծանոթանալ տեղի տեսարժան վայրերին:
    «Ընթերցանության օլիմպիադա - 2015»-ը նախաձեռնել էր «Անտարես» մեդիա հոլդինգը: Այս տարի հոլդինգին աջակցում էին «Գուրմե-Դուրմե»շոկոլադի տունը, Բրիտանական խորհուրդը, RESO ապահովագրական ընկերությունը:
Աննա Կարապետյան