ՀԱՂԱՐԾԻՆԸ ՆՐԱՆՑ ՏՈՒՆՆ ԷՐ ԴԱՐՁԵԼ

Hagharcni-shabat
    Օգոստոսի 15-21-ը Տավուշի թեմի նախաձեռնությամբ Հաղարծին վանքային համալիրի տարածքում առաջին անգամ անցկացվեց Հաղարծնի մշակութային շաբաթը: Հոգևոր և կիրառական մշակույթի փառատոնի շրջանակներում վանքի  տարածքում կազմակերպվել էին փորագրության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության, օճառի և մոմի պատրաստման, կավագործության դասեր: Ներկաները հնարավորություն ունեին մասնակցելու եկեղեցական արարողությունների, ավետարանական ընթերցումների, ինչպես նաև հնագույն բաղադրատոմսերով վանական կերակրատեսակներ պատրաստելու:
    Մշակութային շաբաթվա կայացման գործում իրենց մեծ ներդրումն ունեին մի խումբ կամավորներ: Cultural.am-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը պատմել են իրենց նախասիրությունների, հոգևոր և մշակութային հետաքրքրությունների մասին:

Նինա Հարությունյան, 17 տ., քաղաք Բերդ
    Հաղարծին եմ եկել Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու մանկական երգչախմբով: Շաբաթվա օրերից մեկը նվիրված էր Տավուշի մանկապատանեկան երգչախմբերին: Մենք էլ ելույթ ունեցանք, ներկայացրինք հատվածներ պատարագից, ինչպես նաև ժողովրդական երգեր:
    Որպես գիդ այցելուներին էի ներկայացնում վանքի պատմությունը: Նրանցից շատերին զարմացրին ութ հարյուր տարեկան ծառի, Բագրատունիների դամբարանների պատմությունները: Մարդկանց հետ աշխատելը հետաքրքիր էր:
    Փոքր տարիքից երգում եմ: Մշակույթի տան երգի խմբակ էի հաճախում, հետո սկսեցի երգել եկեղեցու երգչախմբում:
    Սկզբում հայրս դեմ էր, որ Կոնսերվատորիա ընդունվեմ: Հիմա փոշմանել է, բայց արդեն ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բանասիրական ֆակուլտետ: Եթե ստացվի, զուգահեռ կսովորեմ:
   Հոգևոր երգեր, շարականներ շատ եմ սիրում: Ինչ ընդունվել եմ երգչախումբ, փորձում եմ «Սուրբ, սուրբը» կատարել:  Շատ բարդ է, բայց ինձ մոտ արդեն ստացվում է:
    Առաջին անգամ չէ, որ կամավորություն եմ անում: Ընդգրկված եմ «Հայ օգնության ֆոնդի» Բերդի ծրագրերում: Շրջապատիս ինչ-որ բանով օգնելն ինձ ուժ է տալիս:

Ռադիկ Ավետյան, 17 տ., գյուղ Ազատամուտ
    Նախքան այս ծրագիրը Հաղարծինում շատ էի եղել, սակայն վանքային համալիրի մասին այդքան շատ տեղեկություններ չունեի: Այս շաբաթվա ընթացքում շատ բան իմացա համալիրի անվանման, պատմության մասին, ինչն էլ որպես գիդ փորձել եմ փոխանցել մարդկանց:
    Արդեն երկու տարի է, ինչ ծառայում եմ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում որպես բուրվառակիր:
    Սովորում եմ Ազատամուտի միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում: Գևորգյան հոգևոր ճեմարան ընդունվելն իմ երազանքն է, ինչը մյուս տարի փորձելու եմ իրականացնել:
    Հաճախում եմ Տավուշի մանկապատանեկան երգչախումբ: Ազատ ժամանակ բանաստեղծություններ եմ գրում սիրո, հայրենիքի մասին. այժմ հիմնականում հոգևոր թեմաներով եմ ստեղծագործում:

Անի Խառատյան, 15տ., քաղաք Բերդ
    Երեք տարի առաջ էի Հաղարծին եկել. դասարանական էքսկուրսիա էր: Այս անգամ  միջավայրն ուրիշ էր: Մինչ այստեղ գալն ինքնամփոփ էի, բարդույթավորված: Մարդկանց հետ շփումն ինձ փոխեց:
    Այս օրերի ընթացքում Հաղարծինը մեր տունն է դարձել: Ես ու ընկերներս մտածում ենք՝ ինչ ենք անելու առանց Հաղարծին:
    Մարդկանց գիդի ծառայություն էի մատուցում, պատմում վանքի մասին: Ամեն երեկո հավաքվում էինք խարույկի մոտ, կիթառս էլ միշտ ինձ հետ էր:
    Արվեստագետների ընտանիքից եմ: Մայրս դաշնակահար է, պապիկս՝ կիթառահար, նկարիչ: Անցյալ տարի կարմիր դիպլոմով ավարտեցի Բերդի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Կիթառ նվագել սովորել եմ պապիկիս օգնությամբ: Նրա վաթսունամյա կիթառով էլ եմ նվագում:
    Ավագ դպրոցից հետո ընդունվեցի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ: Հետո որոշել եմ ընդունվել Կոնսերվատորիա, որտեղ կկատարելագործեմ և կիթառը, և դաշնամուրը: Մեծ ցանկություն ունեմ նաև թավջութակ սովորելու:
    Երկու տարի է, ինչ երգում եմ Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբում: Շատ եմ սիրում Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկը». այն միշտ ինձ հետ է:

Էրիկ Դավթյան, 19 տ., քաղաք Իջևան
    Հիանալի օրեր էին: Կուզեի, որ այս ամենը շարունակական լիներ: Գոշավանքը, Մակարավանքը և այլ եկեղեցիներ նույնպես արժանի են, որ նմանատիպ ծրագիր իրականացվի նաև այնտեղ: Ինձ թվում է՝ մեր ջանքերով կարող ենք այդ ամենը կազմակերպել:
    Հաղարծին էի եկել որպես գիդ ռուսախոս այցելուներին օգնելու համար: Այս օրերին այստեղ մարդաշատ էր:
    Մանկուց ապրել եմ Ռուսաստանում: Հինգ տարի առաջ եմ վերադարձել: Սովորում եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետում:
    «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպության անդամ եմ: Կազմակերպում ենք գենդերային հավասարության թեմայով դասընթացներ նորապսակների համար:

Զրուցեց Աննա Կարապետյանը