ԳՅՈՒՄՐԻԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՆՇԵՑ ԻՐ 150-ԱՄՅԱԿԸ

vardan-achemyani-anvan-dramatikakan-tatron
    Նոյեմբերի 29-ին Գյումրիում մեծ շուքով նշվեց Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին վերանորոգված Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ: Փոքր բեմը բացվեց Մեծ դերասանի մասին պատմող տեսանյութով: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 
    Այնուհետև, թատրոնի ճեմասրահում բացվեց «Թատրոնը ժամանակի ափի մեջ» խորագրով արխիվային բացառիկ լուսանկարների և ներկայացումների մանրակերտների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին հետևեց հոբելյանական երեկո՝ թատրոնի ստեղծագործական կազմի, Շիրակի և Լոռու մարզերի երաժշտական խմբերի՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի, «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի և Վանաձորի «Հորովել» խմբի մասնակցությամբ: Թատրոնի մի շարք վաստակաշատ արվեստագետներ արժանացան ՀՀ Նախագահի կողմից շնորհված պատվավոր կոչումների, ՀՀ վարչապետի հուշամեդալների, ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի պարգևների:
    Իսկ մինչ այդ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տեղեկանալով, որ Գյումրիի շուկայի տարածքում իրականացվում են Սպիտակի երկրաշարժի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, այցելեց նկարահանման հրապարակ:
    «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմը նկարահանում է ռուսաստանաբնակ հայտնի հայազգի պրոդյուսեր, «Մարս Մեդիա» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Ռուսական կողմից ֆիլմում նկարահանվում են անվանի դերասաններ Կոնստանտին Լավրենկոն, Մարիա Միրոնովան, Արտյոմ Բիստրովը:
    Հասմիկ Պողոսյանը զրուցեց ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ևգլխավոր հերոսուհու` Մարիա Միրոնավայի հետ, դիտեց արդեն նկարահանված երկրաշարժի տեսարանների որոշ դրվագներ:
    Նշենք, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 200 մլն ռուբլի: Ֆինանսական ներդրում կունենա նաև ՀՀ մշակույթի նախարարությունը: