ԳՅՈՒՐՋԻԵՎ ՀԱՄՈՒՅԹԸ «ՀՈԼԱՆԴ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

765
 Նիդեռլանդներում անցկացվող «Հոլանդ փառատոնն» այս երկրում կայացող կատարողական արվեստների ամենահին և աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է: Այն այս տարի ներկայացրեց Կոմիտասի երաժշտությունը մեծ շեշտադրումով և լայն անդրադարձ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
    Փառատոնին  մասնակցության հրավեր  էր ստացել Հայաստանից «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների համույթը: Յուրաքանչյուր տարի այս փառատոնում ներկայացվում են համաշխարհային դասական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշները:
at Muziekgebouw 1  Համույթը նոր է վերադարձել Հոլանդիայից, որտեղ ելույթ է ունեցել հայտնի «Մյուզիք գեբաու» և «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում: Համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկէնեանը նախաբանով ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործական կյանքի և նրան նվիրված նոր նախագծի մանրամասները, որը կյանքի կկոչվի առաջիկայում: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանի կատարմամբ և նույն ստեղծագործությունների` Լևոն Իսկէնեանի կատարած փոխադրումները ժողովրդական նվագարանների համար «Գյուրջիև» համույթի կատարմամբ:
Gurdjieff Ensemble at Muziekgebouw1    «Գյուրջիև» համույթի երկու համերգներն անցկացվել են լեփ-լեցուն դահլիճներում և ընդունվել մեծ ոգևորությամբ:  «Դե Բալի» սրահում տեղի է ունեցել նաև քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով, որի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել Ամստերդամի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների և մարդաբանության պրոֆեսոր, դոկտոր Թոն Զվանը: Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ունեցած ազդեցության մասին խոսել են նաև նկարիչ և պոետ Գրիգոր Մոմջյանը և ռեժիսոր Թինա Բաստաջյանը: Իսկ Կոմիտասի և Գյուրջիևի գործերի կատարմամբ ներկայացել է «Գյուրջիև» համույթի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Լևոն Իսկէնեանը: Համույթը և դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը ելույթ են ունեցել նաև Բրյուսելի Բոզար համերգասրահում` այն նվիրելով ցեղասպանության 100-ամյակին: «Հոլանդ փառատոնին» «Գյուրջիև» անսամբլի մասնակցությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և Նիդեռլանդներում  ՀՀ դեսպանության աջակցությամբ: 
    «Գյուրջիև» համույթի ելույթներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադարձել են տեղի լրատվամիջոցները, այդ թվում` հեղինակավոր NRC և Scenes  թերթերը և VPRO հեռուստաալիքը: